Լուրեր
Ժամանակն է կանգ առնելու . Հրանուշ Հկոբյան
18.06.2021
ՀՀ Սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ժամանակն է կանգ առնելու
Մեր Հայրենիքի վիճակով մտահոգ՝ ընտրապայքարի են դուրս եկել 26 կուսակցություններ ու դաշինքներ և մեկ շաբաթից ավելին տարբեր հարթակներից, տարբեր ձևաչափերով ներկայացնում են իրենց ծրագրերն ու մոտեցումները, փորձում ընտրողներին համոզել, որ գալով իշխանության կկարողանան շտկել այս ծանրագույն վիճակը: Կուսակցությունների ղեկավարներից ու համակարգող մարմիններից շատերը, չհամակերպվելով ստեղծված աննախադեպ վիճակի հետ, չհաշտվելով պատերազմում կրած պարտության և ունեցած կորուստների՝ զոհերի, գերիների, հաշմանդամություն ստացած անձանց ահռելի քանակի հետ, տեսնելով մեր ժողովրդի հուսահատ վիճակը, առնչվելով կառավարման համակարգի անկարողության հետ, հասկանալով, որ 2020թ. նոյեմբերի 9-ին ոչ միայն հանձնվեց Հայրենիքի զգալի հատվածը, մեր հարյուրավոր գյուղերն ու քաղաքները, մեր դպրոցներն ու մանկապարտեզները, հուշարձանները, սրբատեղիներն ու շիրիմները, խոր ցավով արձանագրում են, որ այսօր թշնամին օղակի մեջ է առել Հայաստանը, անարգել խորանում է մեր սահմաներից ներս, գերեվարում ու սպանում է մեր զինվորներին, ուստի ջանք չեն խնայում շտկել իրավիճակը և այդ նպատակով սահմանադրաիրավական ճանապարհով փորձում են գալ իշխանության և փրկել Հայրենիքը:
Կան կուսակցության ղեկավարներ, ովքեր հարկադրված, կարճ ժամանակամիջոցում, ՀՀ օրենսդրության համաձայն հիմնադրեցին կուսակցություն և մտան ընտրապայքարի մեջ: Անցած օրերին դուք համոզվեցիք, թե որքան ալեկոծ, մոլորված, չկողմնորոշված է մեր ընտրողը: Դուք նաև համոզվեցիք, որ շատերը ձեզ չեն ճանաչում, կարծես նրանց ծրագրերն էլ չի հետաքրքրում: Մեր ընտրազանգվածի մի ստվար հատվածին իրավացիորեն հուզում է երկրի անվտանգության խնդիրը և խաղաղ երկինք, ապահով և ուժեղ Հայաստան ունենալու հեռանկարը:
Այժմ եկել է քարոզարշավի ընթացքը լրջորեն վերլուծելու պահը՝ հասկանալու համար, թե ձեր ուժերը, հնարավորությունները, կարողությունները արդյո՞ք այնպիսին են, որ կկարողանաք երկիրն առաջնորդել դեպի ուժեղ Հայաստան, դեպի անվտանգ և հզոր Հայաստան, որի համար անհրաժեշտ է ճանաչում, քաղաքական և աշխատանքային փորձ, կատարված գործեր: Ակնհայտ է, որ որոշակի հանգամանքների բերումով հնարավոր է րոպեի ընթացքում հերոսանալ, սակայն անուն, պատիվ, ճանաչում, իրական վաստակ ձեռք են բերում քրտնաջան աշխատանքի, երկարաժամկետ գործունեության ընթացքում:
Այսպիսով, հաշվի առնելով այն, որ
ընտրողը 26 կուսակցությունների և դաշինքների քարոզչությունը լսելով՝ ավելի է խճճվում, ելնելով Հայրենիքի նկատմամբ ձեր տածած անսահման սիրուց ու մտահոգությունից,ելնելով մեր պետության օրհասական վիճակից ու Հայրենիքի և ազգի շահերից,հորդորում, խնդրում եմ կանգ առնել, ծանր ու թեթև անել. առնվազն 15 կուսակցություն այսօր ի վիճակի են իրենց մեջ ուժ գտնել և իրենց ղեկավար մարմիններում քննարկել ընտրապայքարից դուրս գալու հարցը՝ կագնելով այն ուժերի կողքին, որոնք հնարավորություն ունեն հունիսի 20-ին ընտրվել և մուտք գործել Ազգային ժողով:
Համոզված եմ, որ ձեր այդ ազգաշահ քայլով ձեռք կբերեք ավելի շատ համակիրներ և կարժանանաք համընդհանուր ու խոր հարգանքի, կպարզեցնեք և կհեշտացնեք ընտրությունների գործընթացը և կնպաստեք մեր ծվատվող Հայրենիքի շուտափույթ փրկությանն ու ապաքինմանը:
Անսում եմ ձեր բոլորի սթափ մոտեցմանը և հայցում ձեր ըմբռնումն ու ներողամտությունը:
Հարգանքով և խորին մտահոգությամբ՝
Հրանուշ Հակոբյան»: