Լուրեր

Ալիևը շտապում է այդ պայմանագիրը ստորագրել, որովհետև սարսափում է այն մտքից, որ Նիկոլ կապիտուլյանտը կարող է հեռացվել քաղաքականությունից, փորձում է սրանից ստանալ հնարավորինս մաքսիմումը․Էդուարդ

23.05.2021

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ այս  տարին և մասնավորապես պատերազմական շրջանն որ դրան հաջորդող վեց ամիսը ակնհայտ դարձրեցին մի պարզ ճշմարտություն, որ «կապիտուլյանտն ու Հեյդարի որդին պասերով խաղում են»։ Նա Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, ըստ որի,  պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը։

 
 
«Իլհամ Ալիևը շտապում է այդ պայմանագիրը ստորագրել շատ պարզ պատճառով, որովհետև սարսափում է այն մտքից, որ Նիկոլ կապիտուլյանտը ուշ թե շուտ և հնարավորինս շուտ կարող է հեռացվել քաղաքականությունից։ Ալիևը փորձում է սրանից ստանալ հնարավորինս մաքսիմումը»,- ասաց նա։
 
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր թվիթերյան պաշտոնական միկրոբլոգում մեկնաբանել էր Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրումը: Նա հայտարարել է, որ պատրաստ է աշխատել երկկողմ նոր համաձայնագրի վրա:
 
«Հուսով ենք, որ Հայաստանում (խորհրդարանական,-խմբ.) ընտրություններից հետո այս հարցում ավելի հստակություն կլինի: Խաղաղության համաձայնագիրը նախատեսում է երկու երկրների տարածքային ամբողջականության ճանաչում, և մենք պատրաստ ենք դրան», - գրել էր Ալիևը:
 
 
Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ Ադրբեջանի նախագահն այն, ինչ 30 տարիների ընթացքում չէր կարող երազել, երեք տարվա և մասնավորապես վերջին 6 ամսվա մեջ, ստանում է։ «Ի՞նչ հայ-ադրբեջանական սահման։ Ադրբեջան ե՞րբ է եղել, որ մի հատ էլ հայ-ադրբեջանական սահման լինի, կամ ո՞րն է հայ-ադրբեջանական սահմանը, Խորհրդային Ադրբեջա՞նը։ Այսօրվա Ադրբեջանը Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը չէ, ի՞նչ կապ ունի Խորհրդային Ադրբեջանի սահմանը, այն Մուսաֆաթական Ադրբեջանի իրավահաջորդն է, որի կազմի մեջ ո՛չ Արցախը, ոչ էլ այսօրվա շրջանառվող տարածքները չեն մտնում»,- ասաց նա։
 
Նրա նկատառմամբ՝ Ալիևը գիտի, որ Նիկոլ Փաշինյանից բացի, Հայաստանում ոչ ոք պատրաստ չէ գնալու միակողմանի նվաստացուցիչ զիջումների, հիմա էլ փորձում է նրանից ավելին ստանալ։
 
«Իսկ Նիկոլ Փաշինյանն էլ փորձում է ամենը ներկայացնել որպես Հայաստանի շահ։ Եթե սրանք կարող էին 5000-ից ավելի զոհը, 10000-ից ավելի վիրավորը, Արցախի 75 տոկոսի կորուստը, Սոթքի ու Շուռնուխի մի մասի կորուստը ներկայացնել իբրև թե ձեռքբերում, խաղաղություն հաստատել․․․ սա խաղաղություն չէ, այլ կապիտուլյացիա է և նվաստացում»,- ասաց նա։
 
Ադրբեջանի նախագահը, Շարմազանովի խոսքով, նկատել է, որ գործ ունի քաղաքական դիակի հետ, որը սուբյեկտ չէ, և «պոլի շորի պես» օգտագործում է Հայաստանի քաղաքական ռեժիմը։
 
Անդրադառնալով Մեղրիով անցնող միջանցքի մասին քննարկումներին և Փաշինյանի պնդումներին, թե դրա մասին բանակցություններ չկան՝ ՀՀԿ գործադիր մարմնի անդամը նշեց, որ ինքը այսօրվա ՀՀ իշխանություններից ամեն ինչ է սպասում։
 
«Նույն Նիկոլ կապիտուլյանտը հայտարարում էր, որ բովանդակային բանակցություններ չկան, բայց մենք Լավրովից իմացանք, որ 2018 թվականից սեղանին դրված է փուլային կարգավորման տարբերակը, նույն կապիտուլյանտը հայտարարում էր, որ հաղթելու ենք, հաղթում ենք, ամեն ինչ նորմալ է, բայց խայտառակորեն պարտվեցինք, ինքը և իր կեղծ գեբելսյան պրոպագանդան խաբում էին, ասում՝ «Գյոռբագյոռ 2020», բայց գյոռբագյոռն եղավ Հայաստանի և Արցախի գլխին, ասում էին՝ օդը պաշտպանված է, տեսանք, որ օդը պաշտպանված չէ, ասում էին՝ Սարդարապատ, բայց անում էին Շուշիի խայտառակ հանձնում, ասում էին, որ որևէ պայմանավորվածություն չկա, բայց նույն Ավինյանն ասաց, որ դեկտեմբերին եղել են պայմանավորվածություններ, ըստ որոնց, Սյունիքի դիրքերը պիտի տային, և եթե այս անգամ էլ դեսպան Մինասյանի բացահայտումը չլիներ փաստաթղթի հետ կապված, նրանք դա պետք է «սղացնեին»»,- ասաց նա՝ նկատելով, որ ինչպես 44-օրյա պատերազմի ժամանակ դեսպան Միքայել Մինասյանից հանրությունը տեղեկացավ կապիտուլյացիայի փաստաթղթի մասին, այնպես էլ այս՝ հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ  փաստաթղթի դեպքում եղավ,-ի՞նչ հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիա կամ դելիմիտացիա, ինչու՞ Արցախի հարցը լուծել է, Արցախի կարգավիճակը ճանաչե՞լ են, գերիների խնդիրը լուծե՞լ է, անվտանգության խնդիր լուծե՞լ է։ Թուրքերն ու ադրբեջացիները Փաշինյանի վզից բռել են ու հնարավորինս ինչ ուզում, փորձում են քամել, իսկ մեր ժողովուրդը քնի մեջ է, ընտրությունների է պատրաստվում»։
 
Դիտարկմանը, թե իրավիճակից ելքեր ինքը տեսնում է, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց, որ չնայած ինքն անուղղելիորեն լավատես է, սակայն այս դեպքում իրատեսությունը հաղթում է լավատեսությանը։
 
«Ես հոռետես չեմ, բայց նրանք նայում և ասում են, որ եթե Արցախի 75 տոկոսը տվել են, Շուշին ու Հադրութը հանձնել են, 5000 զոհ տվել են ու մարսել են և դեռ կարողանում են գալ, Հայաստանում քարոզարշավ անել, ընդդիմությանն էլ պարտադրել են իրենց կեղծ արտահերթ ընտրությունների օրակարգը, 5-6 գյուղն  ի՞նչ են, որ չմարսեն,- ասաց նա՝ նշելով, որ մեկ 100 տարի առաջ է Հայաստանն այս օրը եղել, մեկ էլ այսօր,- այսօր ավելի խայտառակ վիճակում ենք, քան 100 տարի առաջ։ Սա խաղաղություն չի։ Խաղաղության այլ տեսակ էլ կարող է լինել, կարող է Հայաստանը թուրքի վիլայեթ լինել, Թուրքիայի դրոշը կառավարության շենքի գլխին դնեք, Քեմալ Աթաթուրքի արձանն էլ՝ Հանրապետության հրապարակում, խաղաղ ապրեք, տակներդ չոր լինի, փորներդ՝ կուշտ»։
 
Էդուարդ Շարմազանովի՝ իրավիճակից ելքը Փաշինյանին «վռնդելն է»։ «Ինքը գնալու է, այսպես թե այնպես, բայց կարող է մինչև գնալն այնքան բան կորցնենք, որ հետո ևս մի քանի տասնամյակ պետք լինի կորցրածը վերականգնելու համար»,- ասաց նա։
 
tert.am

← Վերադառնալ ցուցակին