Լուրեր
Առանց նույնիսկ օդ կրակելու, ասում են՝ դիմել ենք ՀԱՊԿ-ին․ սա խայտառակություն է․ Շարմազանով
19.05.2021
ՀՀԿ փոխխոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շամազանովը խայտառակություն է որակում Սյունիքում ստեղծված իրավիճակում առանց որևէ կրակոցի ՀԱՊԿ-ին դիմելու՝ իշխանությունների որոշումը։ «Հասկանո՞ւմ եք՝ ինչ խայտառակություն է․ 200 հոգով թշնամին եկել է, առանց նույնիսկ օդ կրակելու, ասում են՝ դիմել ենք ՀԱՊԿ-ին։ Ես ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի անդամ եմ եղել։ Այդ մարդիկ կասեն՝ բա լավ, գոնե մի հատ օդ կրակե՞լ եք, որ դիմում եք ՀԱՊԿ-ին։ Բա ձեր կառույցներն ո՞ւր էին։ Հիմա էլ ուզում եք հակառուսական տրամադրություննե՞ր ստեղծել։ Արցախը տվեցիք, հիմա էլ երկրորդ սերիան է սկսվո՞ւմ՝ Ռուսաստանը մեզ պետք չի»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Շարմազանովը։ Անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին, Շարմազանովն ասաց՝ Նիկոլ Փաշինյանը, դժբախտաբար, «կարողացել է ընդդիմության մեջ որոշակի տարաձայնություններ մտցնել» և հասնել արտահերթ ընտրությունների։
«Ավելի արդյունավետ է լինում, երբ կա հավաքական կոնսենսուս։ Հիմա, դժբախտաբար, գնում ենք անցանկալի լուծման՝ հասել ենք ընտրության, հասարակությունը և քաղաքական ուժերի մեծամասնությունը գնում է ընտրության և նշանակված է քաղաքական ճակատամարտի օրը՝ հունիսի 20։ Մեր ամենամեծ խնդիրն անտարբերությունն է և Փաշինյանի կեղծ թեզերը, որ սա աթոռակռիվ է»,- ասաց Շարմազանովը՝ ընդգծելով, որ նոյեմբերի 9-ից հետո չպետք է այլ օրակարգ լիներ, բացի գործող իշխանության հեռացումից։ Նա անդրադարձավ նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարություններին՝ ընդգծելով, որ իր համար առնվազն տարօրինակ և զավեշտալի է, որ առաջին նախագահը 1998-ից մինչև 2018 թվականն ընկած տարիները հավասարեցնում է հաջորդող «պարտության երեք տարիների» հետ։ «Ինչպե՞ս կարելի է համեմատել մի բան, որը, ի դեպ, ինքն էլ է ողջունել։ 2017 թվականին նախընտրական ելույթի ժամանակ առաջին նախագահ ունեցել է երկու ելույթ, որոնցից մեկում ասել է, որ եթե կա մի հարց, որում ինքն աջակցում է գործող իշխանությանը, Ղարաբաղյան հարցի բանակցային փաթեթն է։ Բայց սրանից հետո դա համեմատում է, ինչպես ինքն է ասում, ազգակործան պատուհասի գործունեության հետ։
Դեռ ուսանող ժամանակ ես եղել եմ Վազգեն Սարգսյան-Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան եռյակի՝ ղարաբաղյան հարցում տեսլականի կողմնակիցը։ Այո՛, 20 տարիների ընթացքում եռյակն ապացուցեց, որ ճիշտ է, իսկ պարոն առաջին նախագահը՝ ոչ։ Ավելին՝ Սերժ Սարգսյանի բանակցային ժառանգությունը լավագույնն էր, որով Արցախի ժողովուրդը փաստաթղթով ստանալու էր կարգավիճակ՝ ընդհուպ անկախություն»,- հավելեց Էդուարդ Շարմազանովը։ Վերջինի խոսքով՝ այսօր ուղղակի չկա ինքնիշխանություն, Մուրադովն ավելի շատ իշխանություն ունի, քան Հայաստանի վարչապետը։