Լուրեր
Ցանկացած ընտրություն ունի իր նպատակը. Արտակ Զաքարյան
18.05.2021
ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել ․
«Ցանկացած ընտրություն ունի իր նպատակը.
Հերթական ընտրությունները սովորաբար ընկալվում են որպես պետության կայուն զարգացման, հաջորդ իշխանության ձևավորման միջոցով հանրային ու պետական նշանակության խնդիրների լուծման միջոց: Հերթական ընտրությունները կայուն իրավիճակներում, քաղաքական դաշտի հերթական ընտրապայքարի, պետության ապագայի հաջորդ փուլի զարգացման ու առաջընթացի ծրագրային պայքար է:
ՀՀ բոլոր ընտրությունները՝ մինչև 2017թ. եղել են հերթական ընտրություններ՝ բացառությամբ 1998թ. նախագահական և 2018թ. խորհրդարանական ընտրությունները: 1995թ., 1996թ., 2003թ., 2007թ., 2008թ., 2012թ., 2013թ., 2017թ. համապետական ընտրություններում մեր քաղաքացիները կայուն զարգացման պայմաններում կայացրել են պետության ապագայի և զարգացման հաջորդ փուլի ընտրությունը:
Արտահերթ ընտրությունները՝ ցանկացած երկրում նշանակում են, որ առկա է քաղաքական իշխանության և կառավարման համակարգի ճգնաժամ, որի արդյունքում անհրաժեշտություն է առաջանում ժամանակից շուտ գնալ նոր իշխանության ձևավորմանը: Նոր իշխանությունը, կամ արտահերթ ընտրությունը, որպես կանոն տվյալ ժամանակահատվածի հակաճգնաժամային գործիքն է, որով սահմանադրական և օրինական ճանապարհով քաղաքացիներին հնարավորություն են տալիս դուրս գալ ստեղծված իրավիճակից:
Ե՛վ 1998թ. նախագահական ընտրություններում, և՛ 2018թ. խորհրդարանական ընտրություններում հեռացող Նախագահը, կամ իշխող մեծամասնությունը պարտված համարելով իր ծրագրերն ու առաջնահերթությունները՝ իրենց տեղը զիջել են այլ քաղաքական ուժերի: Այսինքն՝ ընտրության պատճառ հանդիսացած իշխանությունները համակերպվել իրենց պարտության (գուցե նաև ժամանակավոր) հետ, բայց լիարժեք իրավունք են ունեցել մնալու և շարունակելու իրենց քաղաքական պայքարը:
2021թ. ցավոք մենք պարտադրված ենք գնալու ՀՀ պատմության մեջ երրորդ արտահերթ ընտրությունների: Այս իրավիճակը խիստ բացառիկ է, և համեմատելի չէ արտահերթ ընտրությունների նախորդ պատճառների հետ: Այս արտահերթ ընտրությունները գործող իշխանության հետ ոչ թե ծրագրային կամ գաղափարական հակասությունների արդյունքն է, այլ պետության հանդեպ սպառնալիքների և ազգային խոշորամասշտաբ ձախողումների հետևանք:
Կապիտուլյացված Նիկոլը և իր ձախողված ապազգային “կերպարները” գիտակցում են, որ վաղ թե ուշ պետք է հեռանան և հեռանալու համար ընտրել են այս ճանապարհը, որպեսզի իրենց անվտանգ հեռացման գործը դնեն հասարակության վրա: Իսկ եթե ընտրության արդյունքում մնան, ապա Արցախը թշնամուն հանձնելու, 5000-ից ավելի զոհերի, Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի սահմանամերձ շրջանները բզկտելու, պետական համակարգը ձախողելու, տնտեսությունն ու անվտանգությունը քայքայելու, ինչպես նաև միտումնավոր պարտված պատերազմի պատասխանատվության ամբողջ բեռը դնելու են ժողովրդի վրա: Սա է նիկոլիզմի հաշվարկը:
Բացի այդ, նիկոլիզմն ունի նաև իր գոյության պահպանման խնդիրը: Հույս ունեն, որ վարչական ռեսուրսների, կեղծիքների և ուժային բախումների միջոցով կարող են վերարտադրվել: Դա ինքնապահպանական բնազդն է, որը բացառել չի կարելի:
Կյանքը շարունակվում է և ապրել է պետք: Ապրել որպես Հայ, ապրել արժանապատիվ և անվտանգ կյանքով: Ապրել զարգանալու, ուժեղանալու և պետությունը վերականգնելու ճանապարհով: Ապրել համերաշխ ու միասնական: Ապրել հավատով ու հույսով: Սա արտահերթ գերնպատակներ են, որոնք միավորելու են ճգնաժամից դուրս գալու համար պայքարող բոլոր քաղաքական ուժերին:
Ժամանակն է, որպեսզի հասարակությունը զինվի դրական էներգիայով, ոգեղեն ու իրատեսական նպատակներով: Մենք պետք է կտրենք մեր կապը ստի, կեղծիքի, ատելության, միմյանց դեմ տարվող քարոզչության, անհանդուրժողականության հետ: Որպես ժողովուրդ՝ մենք պետք է կտրենք մեր կապը անցյալի և նիկոլիզմի հետ: Անցյալի ողբերգական երեք տարիները պետք է դաս լինի մեր բոլոր քաղաքացիների համար:
Աստված պահապան մեր ժողովրդին:
#պատիվունեմ»: