Լուրեր
Հայաստանում պետք է ոչ թե 5000 նոր գերեզման ավելանար, այլ 5000 նոր հարսանիք, կնունք ու ծնունդ լիներ․ Սերժ Սարգսյան
15.05.2021
«Պատիվ ունեմ» նախընտրական դաշինքի հուշագրի ստորագրմամբ կմեկնարկի այս փուլի մեր պատվի գործը․ հուշագրի ստորագրումից առաջ այսօր հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ, Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը՝ մանրամասնելով.
«Այն է՝ առաջիկա ընտրություններում ընդդիմության հաղթանակի շնորհիվ հեռացնել պետության կառավարումը ձախողած, ժողովրդի ապագան և պետականությունը վտանգի տակ դրած պատվազուրկ և կապիտուլյանտ իշխանություններին, վերականգնել ՀՀ լիարժեք ինքնիշխանությունը, վերադարձնել մեր ժողովրդին՝ իր հայրենիքում խաղաղ ապրելու, անվտանգ և արժանապատիվ արարելու իրավունքն ու վաղվա օրվա նկատմամբ հավատը։ Մենք չենք կարող և բարոյական իրավունք չունենք մի կողմ քաշվելու և անտարբեր հետևելու պետության կործանման ընթացքին»։
ՀՀ երրորդ նախագահը շեշտեց՝ աշխարհաքաղաքական ներկայիս զարգացումները, գրեթե ամենուր լարվածության աճը, մեր հարևանությամբ տեղի ունեցող իրադարձությունները, մեզ անմիջականորեն սպառնացող վտանգները և այս ամենի ֆոնին՝ Հայաստանի գործող իշխանությունների ոչ համարժեք վարքագիծը, լավատեսության ոչ մի հիմք չեն տալիս հուսալու, որ նման պայմաններում այսօր կկարողանանք գրագետ, ճիշտ հաշվարկված քայլերով կանխել վերահաս նոր վտանգը, դուրս գալ կործանարար շրջափուլից և պետության ընթացքը տեղափոխել անվտանգ ու զարգացման հեռանկար ունեցող ռելսերի վրա։
«Իսկ դա հնարավոր է, միանգամայն հնարավոր է՝ առանց իշխանությունը զավթած պոպուլիստների, որոնք պետությունը լայն քայլերով տանում են դեպի վերջնական կործանում։ Ընտրապայքարը, որի մեկնարկը տրվել է մեր պետական սահմանների նկատմամբ արտաքին թշնամու հերթական ոտնձգությունների և սանձարձակ պահվածքի պայմաններում, պետք է ոչ միայն չպառակատի, այլև ավելի համախմբի հայրենանվեր բոլոր անհատներին ու կազմակերպություններին, ինչպես արտաքին թշնամու, այնպես էլ՝ նրա շահերը ներսում սպասարկող ուժերի և կապիտուլյանտ իշխանությունների դեմ պայքարում»,- հավելեց նա։
Սերժ Սարգսյանի խոսքով, դաշինք կազմող երկու քաղաքական ուժերին միավորում են իրավիճակի սթափ գնահատման արդյունքում՝ Հայաստանի ներքին և արտաքին վտանգների, առկա մարտահրավերների, դրանց հաղթահարման ուղիների և ապագայի վերաբերյալ մոտեցումներն ու ընդհանուր մտահոգությունները, ինչպես նաև՝ ազգային արժեքների պաշտպանության դիրքերում ամուր և աննահանջ կանգնելու վճռականությունը․
«Հայաստանի Հանրապետական ակուսակցությունը, լինելով անկախ Հայաստանում գրանցված առաջին հասարակական –քաղաքական կազմակերպությունը և պետականաշինության մեջ ամենամեծ փորձառություն ունեցող քաղաքական կառույցը, իր փորձը, գիտելիքն ու կարողությունները, պահպանողական գաղափարարախոսությունը համադրում է երիտասարդ քաղաքական ուժի՝ «Հայրենիք» կուսակցության արդիական, թարմ մոտեցումների, համարձակ նախաձեռնությունների, նոր ավյունի ու եռանդի հետ՝ վստահությամբ, որ կուսակցությունը՝ իր երիտասարդ, բայց պետական համակարգում ճանապարհ անցած առաջնորդի՝ Արթուր Վանեցյանի գլխավորությամբ, հանրապետականների հետ, կդառնա ամուր և ժամանակակից պետություն կառուցելու ջատագովն ու առաջամարտիկը»։
Հանրապետական կուսակցության նախագահը նկատեց, որ «Պատիվ ունեմ» նախընտրական դաշինքի հուշագրում հանգամանորեն շարադրված են իրենց նպատակները, առաջնահերթ խնդիրները, դրանց հասնելու ուղիները, ուստի վերոնշյալին չանդրադարձավ, փոխարենը՝ ցավով արձանագրեց, որ այսօր Հայաստանում ու Արցախում ապրող մեր հայրենակիցների մի զգալի հատվածն ամեն օր արթնանում է անորոշության, վերահաս վտանգի վախերի, ապագայի նկատմամբ թերահավատության, հուսահատության ու ապատիայի, իսկ մի մասն էլ՝ իրականության ընկալումն ամբողջովին կորցրած անտարբերության զգացողությամբ կամ պարտված ժողովրդի թերարժեքության բարդույթով․ «Կառավարման ընդամենը երեք տարում իրենց քայլերով ահա այս հոգեվիճակին և տրամադրություններին հանգեցրին ապաշնորհ իշխանությունները, որից մարդկանց դուրս բերելը հսկայական ջանքեր է պահանջելու։
Անշուշտ, սա մեկ կամ նույնիսկ երկու քաղաքական ուժերի գործ չէ․ այստեղ պահանջվելու է բոլոր առողջ քաղաքական ուժերի համախմբումը, որոնք այս ընթացքում կողք կողքի պետք է պայքարեն չարի իշխանության դեմ, իսկ հետո համախմբեն բոլորի մասնագիտական, ինետլեկտուալ, կազմակերպչական և այլ կարողություններն ու ռեսուրսները, որպեսզի վերականգնեն հավատը պետության և հույսը վաղվա օրվա նկատմամբ։
Մենք ժամանակին մեր ժողովրդին հաղթանակ ենք բերել, և հայրենիքում թե աշխարհի որևէ ծայրում հայը քայլել է գլուխը բարձր՝ որպես հաղթանակած ժողովրդի զավակ․ մենք այդ հպարտությունը վերադարձնելու ենք։ Անհնարին ոչինչ չկա․ Արցախյան առաջին պատերազմում և մինչև ընդհուպ՝ 2018 թ․ ապրիլի 23-ը՝ այդ թվում՝ 2016 թ․-ի ապրիլին, մենք դա ապացուցել ենք։
Շատերն են այսօր խոսում իրենց քաղաքական հավակնությունների մասին․ մեր մարդկային ներուժը և քաղաքական միտքն ամբողջությամբ բավարարում են խոսել սեփական հավակնություններից, սակայն դասական իմաստով մենք նեղ կուսակցական հավակնություններ չեն դրսևորում, քանզի դաշինքի ստեղծման նպատակը պատգամավորական մանդատներ ունենալը չէ․ մենք ունենք հստակ աաքելություն՝ քաղաքական դաշտի այլ ուժերի հետ միասին՝ հեռացնել կապիտուլյանտներին իշխանությունից։
Մեր դաշինքում հավաքված են պատվախնդիր մարդիկ, և մենք պատրաստ ենք հանուն մեր պետության, մեր երեխաների ապագայի՝ համագործակցել պատվախնդրություն ունեցող բոլոր անձանց, հասարակական, քաղաքական կազմակերպությունների հետ, իսկ նրանք, հավատացեք, քիչ չեն»։
«Մենք հեռացնելու ենք և պատիվ ենք պահանջելու մեր պետությունը հեղինակազրկած, թշնամու առջև ծնկած և նվաստացած կապիտուլյանտներից, և կասեցնելու ենք պետության անկումը․ դուրս ենք բերելու այս վիճակից, և արժանապատիվ ընթացք ենք սկսելու բոլորս միասին։
Երբեմն ես լսում եմ կարծիքներ, թե Վանեցյանը՝ որպես ԱԱԾ տնօրեն, հետապնդումների առաջամարտիկ էր, ինչպե՞ս եք նրա հետ դաշինք կազմում․ շատ պարզ՝ Արթուր Վանեցյանը ժամանակին գիտակցեց նորելուկ շնագայլերի ողջ իրական էությունը, անձամբ կանգ առավ և կոչ արեց նաև մյուսներին․ ավաղ, նրան չլսեցին։ Ասեմ ուղիղ՝ դժվար թե գտնվի մի մարդ, ով այս իշխանությունների հետապնդումներից ավելի է տուժել, քան՝ ես, իմ ընտանիքն ու մերձավոր շրջապատը։
Սա ասելով՝ ես, իհարկե, հասկանում եմ, որ յուրաքանչյուր մարդ իր պրոբլեմը, իր ցավը ամենացավոտն է համարում, սակայն անձնական զգացողությունները, աբիցիաներն ու քաղաքական կոնյունկտուրան անցողիկ են և խիստ երկրորդական՝ այն առաքելության համեմատ, որ ունի յուրաքանչյուր գիտակից հայ գործիչ՝ մեր երկրում ստեղծված ճգնաժամի պարագայում։
Ի դեպ, ընտանիքի մասին․ Այսօր ինչպես՝ մեր, այնպես էլ՝ ՄԱԿ-ի անդամ մյուս երկրներում նշվում է Ընտանիքի օրը։ Որպես կյանքի բովով անցած մարդ և ճակատագրի հարվածները պատվով ընդունած հայ տղամարդ, մի խորհուրդ տամ բոլորին՝ ամուր, սիրով և համերաշխությամբ պահեք ձեր ընտանիքը․ այն ոչ միայն ձեր, այլև մեր երկրի իրական հարստությունն է, ընտանիքը նաև ազգային պահպանողական մեր կուսակցության՝ Հանրապետականի համար հասարակության հիմքն է։
Հայաստանում պետք է ոչ թե 5000 նոր գերեզման ավելանար, այլ 5000 նոր հարսանիք, կնունք ու ծնունդ լիներ, եռագույնները պետք է ծածանվեին ոչ թե մեր հերոսների շիրիմներին, այլ հայոց բանակի հաղթական շքերթներին, մեր արցունքները պետք է ուրախության, այլ ոչ թե ողբերգության հույզերից ծնվեին։
Եվ այդ լուսավոր տղաներին, նրանց ընտանիքներին, մեր ողջ ժողովրդին բոլորս պարտք ենք՝ արժանապատվություն, հույս և խաղաղ ու անվտանգ, բարեկեցիկ և հզոր Հայաստան։
Կյանքի ճշմարտություններից է՝ երբ չես գնահատում այն, ինչ ունես, ապա շատ արագ կորցնում ես։ Ցավոք, այդ ճշմարտությունը հիշեցրեց իր մասին, և մեր ժողովուրդն այսօր ցավ է ապրում իր հայրենիքի մի հատվածի և որդիների կորստից։ Ընդգծում եմ ևս մեկ անգամ՝ անցյալին վերադարձ չի՛ լինելու, բայց այսօր ուզում եմ նաև ուղիղ ասել՝ ով չի խոստովանում անցյալի սխալները, չունի քաջություն, ով չի գնահատում անցյալի ձեռքբերումները, չունի ազնվություն։ Պատի՛վ ունեմ»,- եզրափակեց ՀՀ երրորդ նախագահը։
henaran.am