Լուրեր

Քաղաքական պտտահողմը սանձելու ժամանակը. Մարգարիտ Եսայան

29.04.2021

 ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

«Քաղաքական պտտահողմը սանձելու ժամանակը

 
Մեր երկրում բոլոր գործընթացները, քաղաքականից մինչեւ սոցիալ-տնտեսական, մշակութայինից մինչեւ պատերազմական, մարդկայինից մինչեւ անասնական, հայտնվել են մի ահռելի պտտահողմի  ճիրաններում։ Պտտահողմը   բոլորիս   սեղմել է իր օձագալար պտույտների մեջ,  ճզմում է ներսից-դրսից, ճզմում է   վերեւից ու ներքեւից, արյունաքամ անելով, փոշոտելով, ջրելով․․․Մի լավ շշմեցնելով, բթացնելով, վերուվար նետելով։
Մեր արյունաքամ երկրում ամեն ինչ ընթանում է ժամացույցի սլաքների հակառակ ուղղությամբ։  Բնության մեջ բոլոր պտտահողմերն են  պտտվում ժամացույցի սլաքին հակառակ։ Նայեք ձեր շուրջը,ամեն ինչ գլխիվայր է, ամեն ինչ  թարսուշիտակ, ամեն ինչ փոշեկոլոլ ու կեղտոտ։  
 
Քաղաքական պտտահողմերը նույնպես   սկսվում են չոր ու տաք եղանակներին, առաջանում են  ամպրոպային ամպերում եւ կնճիթի տեսքով կախվում  երկրի վրա․․Չոր ու տաքը տեսանք, ավերումները տեսանք ու դեռ տեսնում ենք Արցախում եւ Սյունիքում, մարդկանց հոգիներում եւ ուղեղներում, ամպրոպային ամպերը եւս տեսանք պատերազմով ու բայրաքթարերով․․․Կնճիթը եւս արդեն կախված է,   իջնում է դեպի երկիր, մեր հող-հայրենին վերջնականապես քանդելու, ավիրելու,  փոշու եւ ջրի տակ թաղելու։ Քաղաքական  այս պտտահողմը զզվելի  է, եղկելի ու տմարդի։  Ի տարբերություն բնական պտտահողմերի, որոնցից հարկ է պատսպարվել, մինչեւ կհանդարտվի, քաղաքական պտտահողմի  դեմ պետք է   կանգնել  ամբողջ հասակով, համարձակ եւ վճռական  եւ, պետք է, ի վերջո, կտրել   արյուն, մահ, ատելություն,   երկրի կորուստ, սուգ եւ ողբերգություն տարածող այս կնճիթը․․Պետք է հառնել, անվախ,  պատրաստ ամեն ինչի, պատրաստ  կենաց-մահու կռվի․․Միայն այդ կերպ կկարողանանք սաստել այս չարաբաստիկ պտտահողմը։ Միայն՝ համառությամբ եւ  անվարան․․Կկարողանա՞նք՝  կունենանք հայրենիք  եւ մարդ կոչվելու արժանի կլինենք․․Չե՞նք կարողանա, պտտահողմը  իր օձագալար պտույտների մեջ կխժռի մեր հայրենիքը»:

← Վերադառնալ ցուցակին