Լուրեր

Որևէ մեկը միայնակ չի կարող հեռացնել Փաշինյանին. ՀՀԿ-ում ակտիվ քննարկումներ են

28.04.2021

Հայաստանյան քաղաքական դաշտում սպասման տրամադրություններ են. քաղաքական ուժերը թեև դիրքավորվել են, բայց չեն շտապում բացել բոլոր խաղաքարտերը, թե ի՞նչ ձևաչափով են մասնակցելու, միանյա՞կ են ընտրապայքարի մեջ մտնելու, ինչպե՞ս են գնահատում իրենց շանսերը և այլն:

 
Հանրապետական կուսակցությունը քաղաքական այն ուժերից է, որի վրա  որոշակիորեն կենտրոնացված է ուշադրությունը: Նախ, արտահերթ ընտրությունները ռևանշի հասնելու փորձ են, չէ որ հենց Հանրապետականն առանց արյան 2018-ի մայիսին զիջեց իշխանությունը Նիկոլ Փաշինյանին: Բացի այդ, ՀՀԿ ղեկավարը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն է, իսկ այս պահի դրությամբ նախկին բոլոր նախագահները՝ Լևոն Տեր-Պետրոսյանը և Ռոբերտ Քոչարյանը պատրաստակամություն են հայտնել մասնակցել հունիսին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին:
 
Համառ խոսակցություններ են շրջանառվում, որ ՀՀԿ-ն իր ներքին հարցումներով հստակ հասկանում է, որ առանց ռեբրենդինգի կուսակցությունն ընտրություններին կտապալվի, այսինքն՝ սեփական անունով մասնակցելը, մեղմ ասած, այնքան էլ ճիշտ որոշում չէ: Մնում է դաշինքի տարբերակը, բայց ո՞ւմ հետ. նույն մամուլը բազմիցս է գրել, որ այս ընտրություններն իրականում երկու անձի միջև են լինելու՝ Նիկոլ Փաշինյանի ու Ռոբերտ Քոչարյանի, բայց ՀՀԿ-ի առաջնորդը Քոչարյանի հետ չի պատրաստվում գնալ ընտրությունների.... կամ երկրորդ նախագահը երրորդի հետ՝ այս պահին էական չէ:
 
VERELQ-ը ԱԺ նախկին փոխնախագահ, Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովից ճշտեց, թե ի՞նչ տրամադրություններ են կուսակցության ներսում և երբ վերջնական որոշման մասին կհայտարարվի:
 
- Պարոն Շարմազանով, նախօրեին Սերժ Սարգսյանը ի պատասխան լրագրողի հարցի ասաց, որ ընտրությունների մասով վերջնական որոշում չկա, սակայն թե՛ Դուք, թե՛ մի շարք ՀՀԿ-ականներ հայտարարում են, որ կուսակցությունը արտահերթ ընտրություններից անմասն չի մնա: Ի՞նչ ձևաչափի մասին է խոսքը:
 
- Սերժ Սարգսյանն ավելի վաղ հայտարարել է, որ  Հանրապետականը իր պայքարի խրամատը չի զիջելու, ՀՀԿ-ի ձայնը լսելի է լինելու և պայքարելու է այս կապիտուլյանտի հեռացնելու ուղղությամբ: ՀՀԿ-ն այն քաղաքական ուժն է ու, թերևս, միակ քաղաքական ուժն է, որ սրա (Նիկոլ Փաշինյան- խմբ.) իշխանության գալուց հետո առանց հովհարային անջատումների պայքարել և պայքարում է նրա դեմ՝ 2018 թվականի մայիսի 8-ից սկսած: Փաստացի մենք միակ ուժն ենք, որ 2018 թվականից այս իշխանության այլընտրանքն ու ընդդիմությունն էր, իսկ հետո մեզ միացան տարբեր քաղաքական ուժեր և այսօր արդեն ընդդիմության սպոտրը բավականին լայն է ու մեծ: Սա, ըստ իս, շատ դրական է: Իսկ ՀՀԿ-ի հիմնական խնդիրը հստակ ձևակերպված է՝ առանց կապիտուլյանտի Հայաստան:
 
- Քչերն են կասկածում, որ Հանրապետականը մասնակցելու է ընտրությունների, բայց ձևաչափը անհասկանալի է մնում...
 
- Իհարկե Հանրապետականը չի կարող ձեռքերը ծալած նստել, բայց թե ի՞նչ ձևաչափով կմասնակցենք՝ առանձին ցուցակով, թե՞ դաշինքով, կամ մեկ ալ ձևաչափով՝ քննարկվում է: Այս պահին քննարկումներ են, որոշում դեռ չկա: Եվ ես կոռեկտ չեմ համարում, քանի կուսակցության որոշումը կայացված չէ, հնչեցնել իմ անձնական կարծիքը: Բայց այն, որ ՀՀԿ-ն ու կոնկրետ ես պայքարելու ենք ու անելու ենք ամեն ինչ, որպեսզի այս հողատու, կապիտուլյանտ իշխանությունը հեռանա՝ այստեղ երկու կարծիք լինել չի կարող:
 
- Որոշում կայացնելու վերջնաժամկետը ե՞րբ է:
 
- Կարծում եմ, որ վերջնաժամկետը կարող է լինել ընտրություններ անցկացնելու մասին հրամանագիրը: Ճիշտ է,  նախագահը ստորագրել է վարչապետի և կառավարության հրաժարականը, բայց մենք ունենք դեռ, գոնե ֆորմալ առումով, Ազգային ժողովում վարչապետի երկու ընտրություն: Այնպես որ մինչ պաշտոնապես հրապարակվի հրամանագիրը Հանրապետականը իր կարծիքը կհստակեցնի և կասի:
 
- Մամուլը բազմիցս է գրել, որ ՀՀԿ-ն հնարավոր է Արթուր Վանեցյանի հետ մի դաշինքով մասնակցի արտահերթ ընտրություններին: Կա՞ն նման քննարկումներ:
 
- Հանրապետականը Հայրենիքի փրկության շարժման մասն է եղել ու կա և, բնականաբար, մենք ասել ենք, որ կապիտուլյանտին հեռանելու համար, բացի " նիկոլասորոսականների ու տեռորիստների" (Սասնա ծռեր - խմբ.) մենք տեսականորեն տեսնում ենք մնացյալ բոլորի հետ համագործակցելու եզրեր: Որովհետև չկա մի ուժ կամ գործիչ, որը միայնակ կարող է սրան հեռացնել: Այս իմաստով ես միշտ էլ կայն կոնսոլիդացիայի կողմնակից եմ եղել: Եթե որևէ մեկը կարծում է, որ ինքը միայնակ կարող է հեռացնել Փաշինյանին, կամ կա քաղաքական ուժ, որը 50+1 ձայնով անցնելու է խորհրդարան՝ նման բան չկա: Եվ դրա համար մենք պետք է համախմբենք մեր ուժերը, ճիշտ հաշվարկենք արդյունավետությունը և անենք ամեն ինչ, ամեն մեկս մեր տեղում, որպեսզի Հայաստանում իշխանության գա ազգային իշխանությունը:
 
- Պարոն Շարմազանով, Ձեր կարծիքով, եթե ԱԺ-ում ներկայացված ուժերը՝ "Բարգավաճ Հայաստանն" ու "Լուսավոր Հայաստանը" չպահեն իրենց համաձայնությունը Փաշինյանի հետ և այդուհանդերձ թեկնածու առաջադրեն, իրավիճակի հանգուցալուծմանը դա կօգնի, ճի՞շտ որոշում կլինի:
 
- Ճիշտը Նիկոլին հեռացնելն է, դա է իմ համար ճիշտը: Եվ ճիշտը դրան ուղղված պայքարն է, որը անձամբ ես երեք տարի է իրականացնում եմ: Մեկը մտածում է, որ ընտրությունների միջոցով է դա ճիշտ, մյուսը՝ փողոցի: Ժամանակին ասում էին, որ եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, ապա իրենք թեկնածու կառաջադրեն...  Բայց դա այդ քաղաքական ուժերի խնդիրն է, իրենք պետք է որոշում կայացնեն:
 
Լիա Խոջոյան

verelq.am

← Վերադառնալ ցուցակին