Լուրեր

Ընտրությունները ՀՀ պետականության անփառունակ վախճանի նոր էջ կբացեն․ Աշոտյան

25.04.2021

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները մեր երկրում ստեղծված խնդիրների համար լուծում չեն դառնալու՝ լրիվ հակառակը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Նա վստահ է, որ փլուզվող տնտեսությամբ, օրեցօր խորացող սոցիալական ճգնաժամով, սահմանային անվտանգության սպառնալիքներով մեր երկիրը չի կարող իրեն թույլ տալ գնալ ընտրությունների։ Սա «դժոխքի շղթայի» մի մասն է։

«Ընտրությունները խնդրի լուծում չեն լինելու, այլ Հայաստանի պետականության անփառունակ անկման նոր էջ են բացելու»,- նշեց Աշոտյանը։

Մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ նա ընդգծեց, որ տեխնիկապես սա դեռ նախընտրական գործընթացի սկիզբ չի նշանակում, քանի որ Փաշինյանը դեռ հնարավորություն ունի «դուրս թռչել այս գնացքից», առավել ևս եթե ընդդիմադիր խմբակցությունները համարձակություն ունենան երկու շաբաթվա ընթացքում վարչապետի նոր թեկնածու առաջադրել։

«Սա երևի թե պատմական վերջին հնարավորություն կլինի փրկելու հայկական պետականությունը փլուզման և կազմալուծման հաջորդ փուլից»,- նշեց Աշոտյանը։

Նա վստահ է, որ եթե Փաշինյանը գնա արտահերթ ընտրությունների, ապա բացառապես «արտաքին ուժերի պահանջով»։ Խոսքը վերաբերում է Ռուսաստանի Դաշնությանը, ԱՄՆ-ին, Եվրամիությանը։ Երկրի ներսում Աշոտյանը չի տեսնում տրամադրություններ ընտրությունները հիմա անցկացնելու համար։

Աշոտյանը նկատում է, որ ընդդիմադիր ճամբարն էլ, որ դեռ նախորդ տարվա դեկտեմբերին հրաժարվեց այս ծուղակից, չկարողացավ պահպանել միասնականությունը։ Արդեն գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերը հայտարարել են, որ մասնակցելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններին։

ՀՀԿ-ն առայժմ չի հայտարարել իր դիրքորոշման մասին։

«Բոլորը վազեցին, մենք էլ վազեցինք»,- հայտնի ֆիլմի արտահայտություններից մեկը հիշեցրեց Աշոտյանն ու ընդգծեց՝ քանի որ Հայրենիքի փրկության շարժման գրեթե բոլոր խոշոր ուժերը հայտարարել են արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին, ՀՀԿ-ին մանևրելու քիչ հնարավորություններ են լինելու։

«Թերեևս ՀՀԿ-ն ինչ-որ ձևաչափով կմասնակցի քաղաքական այս պայքարին։ Առանց մեզ այս պայքարը չի լինի»,- հայտարարեց նա։ Ընդգծեց՝ առայժմ ձևաչափի հետ կապված քաղաքական որոշում չկա։

Այնուամենայնիվ, ուրախալի կանխատեսումներ երկրում կատարվող գործընթացների շուրջ Աշոտյանն այս պահին չի տեսնում։

Հիշեցնենք՝ մարտի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հունիսի 20-ին Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններ կկայանան: Ավելի ուշ Ազգային ժողովը հաստատեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան միայն համամասնական ընտրակարգով։

armeniasputnik.am

← Վերադառնալ ցուցակին