Լուրեր
Գնալով Սյունիք Փաշինյանը փորձում էր Ալիեւին ցույց տալ, որ տիրապետում է իրավիճակին. Շարմազանով
23.04.2021
Նիկոլ Փաշինյանը տեղյակ էր, որ Սյունիքն իրեն չի ընդունում եւ իր այցով փորձեց երեք խնդիր լուծել, - «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Ազգային Ժողովին նախկին փոխխոսնակ, Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Ըստ նրա՝ Փաշինյանի այցելությունները տարբեր մարզեր պատահական չէ: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սյունիքը համարվում էր այն մարզերից մեկը, որի բնակչությունը ընդվզում էր Փաշինյանի քաղաքականության և կապիտուլյացիայի դեմ, նա փորձել է արշավել Սյունիք և ցույց տալ, որ նա այնտեղ եւս աջակցողներ ունի: Նա ուզում է դա ցույց տալ թե ներսի լսարանի, թե իր միջազգային գործընկերներին, այդ թվում նաև Ալիևին և Էրդողանին»,- ասել է Շարմազանովը՝ ավելացնելով, որ կա նաև աշխարհաքաղաքական խնդիր:
«Օրեր առաջ Ալիևը խոսեց Մեղրիի միջանցքի մասին, Նախիջևանից Սյունիքով ադրբեջանցիներին ճանապարհ տալու վերաբերյալ և մենք տեսանք, որ քաղաքական շրջանակներից այդ ամենի դեմ եղավ ընդվզում : Մի գուցե Փաշինյանը գնալով այնտեղ փորձում էր ցույց տալ Ալիևին, որ տիրապետում է իրավիճակին»:
Երրորդ նպատակը, ըստ նրա, Սյունիքում սադրանք կազմակերպելն էր, քանի որ կապիտուլյանտը շատ լավ գիտի, որ այնտեղ իրեն չեն ընդունում: Բանն այն է, որ կապիտուլյացիայից հետո նա անտեր էր թողել սյունեցիներին, և մարզի բնակիչները իրենք էին սահմաններ ճշտում ադրբեջանցի զինվորների հետ: Այնտեղ չկար կենտրոնացված իշխանության ներկայացուցիչ, մարզպետներն էին պաշտպանում բնակչությանը: Շատ լավ հասկանալով, որ ընտրությունների ժամանակ Սյունիքը լինելու է հականիկոլական կենտրոններից մեկը, կապիտուլյանտը փորձեց խեղդել ընդվզումը: Փաշինյանը փորձեց ռեպրեսիաներ կիրառելով վախեցնել, որպեսզի ընտրություններից առաջ այդ խնդիրը լուծված լինի: Կապիտուլյանտը փորձեց մինչև ընտրությունները հանդարտեցնել Սյունիքը և ցույց տալ այլ մարզերին և Երևանին, որ տիրապետում է իրավիճակին և եթե կարիքը լինի բոլորին կփռի ասֆալտին»,- ասաց Շարմազանովը:
ՀՀԿ-ի խոսնակը նաև նկատեց, որ Սյունիքի համայնքապետների բերման ենթարկելով, Փաշինյանը փորձեց վախեցնել ժողովրդին: «Դա ոչ միայն ինքնահաստատվելու միջոց էր, այլ նաև իր առջև դրված խնդիրները լուծելու միջոց: Այսինքն, Փաշինյանը մինչև ընտրությունները փորձում է վերացնել իր առջև եղած բոլոր խնդիրները», - շեշտեց նա՝ չբացառելով, որ «կապիտուլյանտը կհրաժարվի ընտրություններից»:
«Եթե այս ընթացքում բողոքի ակցիաները թափ հավաքեն, և իրավիճակը թեժանա, Փաշինյանը, այդ թվում՝ կորոնավիրուսի պատրվակով կարող է ընտրությունները չեղարկել: Ինքը փորձելու է ընտրություններին գնալ իր համար նպաստավոր ֆոնին, իսկ եթե ֆոնը բացասական լինի, Փաշինյանը կփորձի չեղարկել ընտրությունները», - շեշտեց նախկին ԱԺ փոխխոսնակը:
Հեղինակ՝ Անի Մշեցյան
Աղբյուր` Փաստինֆո
pastinfo.am