Լուրեր
Այս աշխատելաոճով համավարակը մենք չենք կարող հաղթահարել. Կարեն Ավագյան
24.03.2021
Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Համավարակը կանգնեցնել հնարավոր չէ առանց պատվաստանյութերի մասսայական օգտագործման։
Ի դեպ, այս պահին աշխարահում 13 պատվաստանձութ ստացել է ընդհանուր կիրառման լիցենզիա, իսկ դրանցից 5-ը մասսայական կիրառվում են։
Հայաստանում համավարակի պատճառով այսօր մահացել է 17 մարդ, ընդհանուր՝ 4263։
Ահագնացող այս թվերը կարծես սթափության ու արդյունավետ գործելու շարժիչ չեն հանդիսանում։
Մինչ այս պահը ՀՀ-ում պատվաստանյութի բացակայությունը ոլորտի պատասխանատուների անգործության ուղիղ հետևանքն է։
COVAX Facility initiative-ի հետ տարվող բանակցությունները նույնիսկ այսքան ձգձգված նախնական փուլում չեն տալու իրենց ցանկալի արդյունքը տեսանելի ապագայում, քանի որ մինչ այս պահը երբ, որքա՞ն և ի՞նչ պատվաստանյութ ենք ստանալու հայտնի չէ։
COVAX-ն այս պահին պատվաստանյութերի տրամադրման գործունեությունը հիմնականում ծավալում է աշխարհի տարբեր երկրներին AstraZeneca պատվաստանյութի բաշխման միջոցով։ Եվրոպական երկներին այս նախաձեռնությունը կարողանում է մատակարարել միայն անհրաժեշտ քանակի 30 տոկոսը։ Պահանջարկը չբավարարելու հետևանքով շատ եվրոպական երկրներ անջատ պայմանավորվածություններով ձեռք են բերում ռուսական պատվաստանյութեր՝ անտեսելով եվրոպական բոլոր ընթացակարգերը։
Այս ամենը հիմք է տալիս ենթադրելու, որ մեզ պատվաստանյութը հասանելի կլինի ոչ մոտ ապագայում։
Չանդրադառնալով պատվաստանյութերի ազդեցության և արդյունավետության շուրջ ծավալվող քննարկումներին հարկ եմ համարում նշել։
COVAX Facility նախաձեռնությունն այս պահին հանդիսանում է լրացուցիչ օղակ, միջնորդ պատվաստանյութ արտադրողի և այն ձեռքբերողի միջև։ Ինչը հասկանալիորեն երկարացնում է պատվաստանյութի անհրաժեշտ քանակություն տրամադրելու ժամանակամիջոցը։
Շատ երկրներ առավել արդյունավետ և օպերատիվ արդյունքների համար ուղղակի կապ են հաստատում պատվաստանյութ արտադրող երկրի հետ։ Մեզ համար ամենաշահավետը կլիներ համագործակցել ռուս գործընկերների հետ՝ ապահովելով որոշակի անընդհատ քանակությամբ պատվաստանյութեր։
Բազմաթիվ են այդպիսի օրինակները հենց ռուսական պատվաստանյութերի դեպքում և խոսքը միայն «SPUTNIK-V»-ի մասին չէ։ Առկա են նաև «Էպիվակ» և Չումակովի անվան կենտրոնի կողմից մշակված պատվաստանյութերը։
Ըստ էության, ոլորտի մեր պատասխանատուները պատվաստանյութերի բազմաբազնության մեջ որևէ կերպ չեն կարողանում ապահովել դրանց հասանելիությունը։
Այս աշխատելաոճով համավարակը մենք չենք կարող հաղթահարել»։