Լուրեր

Ժողովրդի անունից՝ քանդում են ժողովրդի տունը. Արտակ Զաքարյան

24.03.2021

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Ժողովրդի անունից՝ քանդում են ժողովրդի տունը

Ովքե՞ր են վերջին երեք տարիներին ժողովրդի անունից խոսողները.

ա) Արյունով ազատագրված Արցախը թշնամուն հանձնած կապիտուլյանտը,

բ) տարիներով օտարերկրյա կառույցներից ու տարբեր ցանցերից գրանտներ կամ հոնորարներ ստացողները,

գ) ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները,

դ) բանակի դեմ տարիներով հակաքարոզչություն անողները,

ե) ՊՊԾ գնդում ծառայության մեջ գտնվող ոստիկաններին սպանողները,

զ) Պատերազմի ընթացքում համայն հայության հավաքած գումարները անհասցե մսխողները,

է) հասարակությանը բացարձակ ապուշի տեղ դնողները,

ը) կապիտուլյանտի ուսապարկ-պատգամավորները,

թ) ժողովրդի փողերով, բանակի համար, երկու տարում շուրջ 160 միլիոն դոլարի անգործունակ սպառազինություն գնողները (մսխողները),

ժ) բանակն այս ավանտյուրիստական պատերազմում թուրք, պակիստանցի, սիրիացի ծայրահեղական վարձկանների դեմ դուրս բերողները, կռվող զինվորի թիկունքից փախնողները,

ի) Սյունիքի մարզի գլխին իրական փորձանք բերողները, թուրքին՝ Մեղրիի միջանցք տվողները,

լ) արտագաղթի թվերն առավելագույնի հասցնողները,

խ) համավարակն՝ իրենց ապազգային քաղաքական նպատակներին ծառայեցնողները,

ծ) քրիստոնեական և կրոնական արժեքներն անարգողները,

կ) ազգային դպրոցը, ազգային մշակույթը, ազգային ինքնությունը վերացնելուն ուղղված ծրագրեր իրականացնողները,

հ) հայոց լեզվի անաղարտությունը և հրապարակային խոսքի կուլտուրան փողոցային ժարգոնի վերածողները,

ձ) մանկահասակ երեխաներին իրենց քաղաքական գովազդի համար ծառայեցնողները,

ղ) հասարակությունը պառակտողները, արցախցիների դեմ ստոր քարոզչություն իրականացնողները և այլն ։

Սրանց բոլորին՝ մեկ բառով կարելի է անվանել քաղաքական չաորակ ուռուցք, որն իր մետաստազներով, արագացված մահվան է տանում ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի հանրապետությունները։

Եվ այս ամենը, սրանք անում են ժողովրդի անունից, այսինքն՝ բոլորի անունից։ Բոլորի անունից քանդում են բոլորի տունը՝ Հայոց տունը։ Քանդում են վճռական ու հաստատակամ ցինիզմով։ Քանի որ վստահ են, որ մարդկանց որոշ մասը չի հասկանում, որ ա՛յ հիմա, իրոք թալանում են իրեն։ Կողոպտում են փողը, հողը, արժեքները, լեզուն, մշակույթը, ոգին, ապագան և վերջապես՝ Հայրենիքը»։

 

← Վերադառնալ ցուցակին