Լուրեր

«Մեր ուղերձները, զգուշացումները հանրային լայն արձագանք չունեցան, պահանջվեց մի ամբողջ արյունալի պատերազմ, որպեսզի մեր ժողովրդի աչքերը բացվեին». Սերժ Սարգսյան

18.03.2021

Այսօր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով հերթական դատական նիստից առաջ Երրորդ նախագահն ուղերձ հղեց դատարանի մոտ հավաքված համախոհներին ու կուսակիցներին։

 
Դիմելով ներկաներին՝ Սերժ Սարգսյանն ասաց, որ «երկու տարի առաջ կարվեց մի քրեական գործ», որի շրջանակներում իրեն անհեթեթ մեղադրանք առաջադրվեց և գործն ուղարկվեց դատարան։
 
«Հիշո՞ւմ եք, անցյալ տարի հենց այստեղ ես ասացի, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, ոմանք չհասկացան, թե ինչու չեմ խոսում անհեթեթ դիզելի գործի մասին, այլ խոսում եմ ազգային խնդիրների մասին։
 
Ոմանք տարակուսեցին, իսկ ոմանք նույնիսկ փորձեցին հեգնել։ Բայց մենք ձեզ հետ միասին զգում էինք, տեսնում էինք, կանխատեսում էինք, թե ինչի համար են այս հետապնդումները, այս ապօրինությունները։
 
Այս ապօրինությունները ոչ միայն իմ նկատմամբ էին․ կային նաև շատ ճչացող ապօրինություններ։ Այս հետապնդումները, ինչպես արդեն հրապարակավ ասել եմ,  2018 թվականից Հայաստանում մեկնարկած հակաղարաբաղյան գործողությունների շղթայի մի մասն էին, որոնց նպատակն էր՝ վարկաբեկել Արցախի պայքարի ակունքներում կանգնած մարդկանց, թաղել Արցախի հարցը և մեր ազգային իղձերը։ Մենք շարունակելու ենք մեր պայքարը, և հիմա ուզում եմ մեկ անգամ շեշտել հետևյալը՝ մեր ուղերձները, զգուշացումները հանրային լայն արձագանք չունեցան, պահանջվեց մի ամբողջ արյունալի պատերազմ, հսկայական զոհերով և հայրենազրկմամբ, որպեսզի մեր ժողովրդի աչքերը բացվեին, որպեսզի մարդիկ հասկանային այս իշխանությունների մտադրություններն ու էությունը»,- նշեց Սերժ Սարգսյանը։
 
Զվարթ Խաչատրյան
168.am
 
 

← Վերադառնալ ցուցակին