Լուրեր

Նրանք անկարող են Հայաստանի քաղաքացուն ապահովագրել նոր սպառնալիքներից․ Արտակ Զաքարյանը՝ իշխանության մասին

27.02.2021

Նիկոլը և իր հակահայկական հավաքականը հեռանալու մտադրություններ առանձնապես չի ցուցաբերում և դրանով էլ ավելի է ապացուցում իրենց հակահայկական գործողությունների ամբողջականությունը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին, Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

 
«Նրանց պետք է լրջանալ և լուրջ քաղաքական որոշում ընդունել։ Այդ որոշումն իրենց հեռացման ճանապարհը մատնանշելն է։ Իրենք իրենց համար պետք է որոշեն իշխանությունից հեռանալու ճանապարհային քարտեզ։ Այն, որ հիմա քննարկում են արտահերթ ընտրությունների անցկացումը, բոլորովին այդ ճանապարհը չէ, որովհետև նրանք ուղղակի անկարող են Հայաստանի Հանրապետության քաղաքացուն ապահովագրել նոր սպառնալիքներից և վտանգներից։ Չկա մի ոլորտ, որ ասես՝ այս ոլորտում այս մի բանը գոնե լավ են արել։ Ողջամիտ մարդ չի կարող մտածել՝ գուցե մի ամիս էլ ժամանակ տանք, մի լավ բան ուզում են անել։ Նրանք էլ չգիտեն, թե ինչ են ուզում անել։ Նրանք այսօր նույնիսկ չեն էլ խոսում Արցախի հետագա կարգավիճակի մասին։ Ալիևն արդեն հոխորտում է ասելով, որ եթե որևէ մեկը կարգավիճակի մասին խոսք բարձրացնի, ծանր հետևանքներ կունենա։ Այսինքն՝ սա արդեն իսկ խոսում է այն մասին, որ մենք կորցրել ենք նաև այն հատվածը, որը ռուսների միջոցով փրկել ենք»,- ասաց Արտակ Զաքարյանը։
 
Արտակ Զաքարյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն այլևս չի կարողանում մեղավորներ փնտրել, և դրանով է պայմանավորված նրա ծայրահեղ անհանգստությունը։
«Զինված ուժերը այն եզակի կառույցներից մեկն է, որ ուղղակիորեն և անուղղակիորեն կապ է ունենում բոլոր ոլորտների հետ։ Զինված ուժերը չի խոսում կոնկրետ անձի կամ ոլորտի հետ կապված խնդրի մասին, որ իշխանությունն էլ մտածի տվյալ ոլորտը շտկելու մասին։ Ընդհանուր առմամբ խոսվում է պետական կառավարման և պետությանը սպառնացնող վտանգների մասին։ Դրա միակ պատասխանատուն քաղաքական իշխանությունն է։ Այս պարագայում Նիկոլ Փաշինյանն այլևս չի կարողանալու այլ մեղավորներ փնտրել, և դրանով է պայմանավորված նրա ծայրահեղ անհանգստությունը և փորձերն այս գործընթացն որպես ռազմական հեղաշրջում ներկայացնելու։ Սա շինծու տեսակետ է։ Այստեղ ռազմական հեղաշրջման նշույլ անգամ գոյություն չունի»,- նշեց Արտակ Զաքարյանը։
 
 news.am
 
 

← Վերադառնալ ցուցակին