Լուրեր

«Սա պետության վարչապետի կողմից քաղաքացիական պատերազմի կոչ է, բայց Երևանի փողոցներում արյուն չի թափվելու. նա պետք է հեռանա». Էդուարդ Շարմազանով

25.02.2021

Երեկ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի՝ վարչապետի կողմից աշխատանքից ազատելուց հետո, այսօր հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ Գլխավոր շտաբը՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի և ողջ կառավարության հրաժարականը:

«ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում: ՀՀ զինված ուժերը երկար ժամանակ համբերատար կերպով հանդուրժում էր գործող իշխանության կողմից զինված ուժերը վարկաբեկելուն ուղղված «գրոհները», սակայն ամեն ինչ ունի իր սահմանները: ՀՀ զինված ուժերը պատվով է կատարել իր պարտքը, իր ժողովրդի հետ ուս ուսի մարտնչել թշնամու դեմ: Գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին:
 
Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացնում՝ ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով Հայրենիքն ու Արցախը»,- մասնավորապես գրված էր ԳՇ հայտարարության մեջ:
Հայտարարության տակ ստորագրել էր Գլխավոր շտաբի ողջ կազմը, ներառյալ՝ կորպուսների հրամանատարները:

Նիկոլ Փաշինյանի արձագանքը չուշացավ, նա այս հայտարարությունը համարեց զինված հեղաշրջման փորձ և նախ՝ ֆեյսբուքյան գրառմամբ, ապա՝ ուղիղ  եթերով իր կողմնակիցներին դիմեց՝ նրանց բոլորին կանչելով Հանրապետության հրապարակ՝ չմոռանալով հայտարարել, որ Հանրապետության նախագահին է արդեն դիմել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու պահանջով:

168.am-ի հետ զրույցում Հայաստանի հանրապետական կուսակցության Գերագույն մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ոչ այլ կերպ, քան քաղաքացիական պատերազմի կոչ և հրահրում, չի կարող բնութագրել:

«Փաշինյանը հերթական անգամ փորձում է հասարակությանը տանել բախումների: Սա ուղիղ քաղաքացիական պատերազմի կոչ է: Երևի նրա համար մեր 5000 երեխաների ու եղբայրների թափած արյունը քիչ է, նոր արյուն է ցանկանում: Բայց Երևանի փողոցներում արյուն չի թափվելու: Նա պետք է հեռանա: Սա պետության վարչապետի կողմից քաղաքացիական պատերազմի կոչ է, որն անընդունելի եմ համարում, ուստի բոլորին սթափության և հանդարտության կոչ եմ անում»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Գոհար Սավզյան

168.am 

← Վերադառնալ ցուցակին