Լուրեր
Ոչ թե դիվանագիտական նշանակում, այլ ՝ քաղաքական փախուստ. Արտակ Զաքարյան
25.01.2021
Հայաստանի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ողբերգություն է համարում Մակունցի առաջիկա նշանակումը։
Նրա կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը պետբյուջեի հաշվին յուրայինների փախուստ է կազմակերպում։
«Հրապարակի» հետ զրույցում Արտակ Զաքարյանն ասաց․ «Ավելի ազնիվ կլիներ, որ Մակունցը հրաժարվեր մանդատից, ասեր՝ ես արդեն Ամերիկայի քաղաքացի եմ և որոշել եմ փախնել, գնալ այնտեղ ապրել, որպեսզի խուսափեմ հետագա քաղաքական պատասխանատվությունից։ Նիկոլի այսպես ասած՝ «կամանդն» արդեն փախուստի ճանապարհներ է փնտրում։ Բացի այդ, որպեսզի փախուստն ավելի էժան նստի և իրենց սեփական գրպանների վրա ազդեցություն չթողնի, որոշել են փախուստ կազմակերպել պետական խողովակներով՝ ՀՀ բյուջեի հաշվին»։
Արտակ Զաքարյանը հավելեց՝ թեպետ ոչ մի փախուստ չի օգնելու ոչ մեկին։
«Պարզ է, չէ՞, հաջորդ իշխանությունն անմիջապես ու բոլորին ազատելու է այդ լիազորություններից և պատասխանատվոuթյան է կանչելու։ Այս դեպքում ավելի հեշտ է էնտեղից չվերադառնալը։ Դրա համար էլ այդ ճանապարհներն են ընտրել։ Թե չէ, պարզ է, որ Մակունցը ո՛չ դիվանագետ է, ոչ էլ ընդհանրապես կարող է հայ-ամերիկյան հարաբերությունների համար որևէ բան անի։ 3 տարի է՝ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավարն է, թող կես տոկոսանոց որևէ արդյունք ցույց տար։ Զրո։ Հետևաբար, զրո են լինելու նաև հայ-ամերիկյան հարաբերություններն իր պարագայում։ Բայց նորից եմ ասում, միամիտ կլինենք, եթե ելնենք նրանից, թե սրանք զուտ դիվանագիտական նշանակումներ են։ Սա քաղաքական փախուստ է»։
Հանրապետական քաղաքական գործիչը վստահ է, որ նման փախուստներ էլի են լինելու։ Ինչ վերաբերում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսիսյանին, ապա վերջինիս մասին Զաքարյանն ասում է՝ նա Հայաստանի Հանրապետության լավագույն և փորձառու դիվանագետներից է, և նրա հետկանչի որևէ առիթ կամ պատճառ գոյություն չունի։
Նշենք, որ Արտակ Զաքարյանի ընկեր, նույն հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանն էլ Aysor.am-ի հետ զրույցում նշել էր, որ Լիլիթ Մակունցը եղել է և կա Հայաստանում ամերիկյան ազդեցության գործակալ։
Ըստ Աշոտյանի՝ ԱՄՆ դեսպանի պաշտոնում Մակունցի հնարավոր նշանակումը քաղաքական իմաստով խաբեություն է, մասնագիտական իմաստով՝ թյուրիմացություն, իսկ պետական իմաստով՝ խայտառակություն։
«Լիլիթ Մակունցի քաղաքական կարիերիայի առաջին ու վերջին բացառիկ ձեռքբերումն այն է, որ նա հանդիսանում է սրիկայի ուսապարկերի պահեստապետն Ազգային ժողովում, այդ իմաստով զավեշտալի է ուսապարկերի պահեստապետին նշանակել նման ռազմավարական կարևորության երկրում դեսպան»,- ասել է Աշոտյանը։
Անուշ Դաշտենց
hraparak.am