Լուրեր

«Լինելու ենք միշտ մեր եկեղեցու կողքին, որ որևէ մեկի մտքով չանցնի անարգել մեր սրբությունները». Էդուարդ Շարմազանով

03.01.2021

Այսօր Սուրբ Գայանե եկեղեցում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն մատուցում է 2021-ի առաջին կիրակնօրյա պատարագը: Երեկ Տեր Սահակ քահանա Գալստյանը կոչ էր արել այսօր ժամը 9:30-ին բողոքի ակցիա իրականացնել Էջմիածնում՝ Գարեգին Բ-ին գահընկեց անելու համար: 168.am-ի նկարահանող խումբը 9:15-ին Էջմիածնում է, սակայն չի նկատել նման ակցիա անել ցանկացող մարդկանց, փոխաները եկեղեցու բակում էին հավաքվել մի խումբ մարդիկ՝ ի աջակցություն Հայ առաքելական սուրբ եկեղեցու և Ամենայն հայոց կաթողիկոսի: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ով դեռ երեկ գրել էր, որ այսօր լինելու է Էջմիածնում, 168.am-ի հետ զրույցում ասաց.

 
«Շուրջ 2.5 տարի է Հայ առաքելական սուրբ եկեղեցու և վեհափառ հայրապետի նկատմամբ ակտիվ ոտնձգություններ են լինում: Տեսանք, ցավոք սրտի, որ 2.5 տարի առաջ նման հարձակումներ եղան մեր եկեղեցու վրա: Վերջին շրջանում ևս որոշ մարդիկ փորձում են ստվեր գցել մեր եկեղեցու, վեհափառի վրա և տարբեր կոչերով են հանդես գալիս: Մենք էլ մեր հերթին առաջինը եկել ենք կիրակնօրյա պատարագի, երկրորդ՝ եկել ենք մեր համերաշխությունը հայտնելու Առաքելական եկեղեցուն, մեր վեհափառ հայրապետին, ընկերներով հավաքվել ենք այստեղ, որ դիմավորենք վեհափառ հայրապետին և մուտք գործենք Սուբ Գայանե եկեղեցի, մասնակցենք պատարագի, խոստովանություն անենք, հաղորդություն ստանանք»:
 
168.am-ի հարցին, թե ո՞րն է պատճառը, որ ֆեյսբուքյան ակտիվություն նկատվում է, սակայն ինչպես անցած անգամ, այս կիրակի ևս եկեղեցու առջև չկան Գարեգին Բ-ի դեմ ակցիա իրականացնող մարդիկ, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց՝ չի բացառում, որ լինեին, եթե այսօր ի պաշտպանություն եկեղեցու հավաքված մարդիկ չլինեին:
«Իրական կյանքում այդ ակտիվությունը չի նկատվում, քանի որ եկեղեցու պաշտպաններն այստեղ են: Իսկ դուք բացառո՞ւմ եք, որ եթե այստեղ մեծ քանակությամբ հանրություն չհավաքվեր, որևէ պրովոկացիա չէր արվի, ես չեմ բացառում, և նույնը նախորդ անգամ էր: Եթե 2.5 տարի առաջ էլ այսպես համախմբված հավաքվեինք Մայր աթոռի շուրջ, դժվար թե որևէ մեկը հանդգներ վեհափառի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերեր, բայց մարդը սխալական է, մեր բացթողումների և սխալների վրա ենք բոլորս սովորում, և լինելու ենք միշտ մեր եկեղեցու կողքին, որ որևէ մեկի մտքով չանցնի անարգել մեր սրբությունները»,-ասաց Շարմազանովը:
 
Ի պատասխան լրագրողի հարցին, անդրադառնալով Սյունիքի Շուռնուխ գյուղի շուրջ ծավալվող իրադարձություններին և այս առիթով Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի տարածած հայտարարության, որով տեղի բնակչությանը կոչ է անում չտրվել որևէ սադրանքի և վստահեցնում, որ ՀՀ զինված ուժերն ու ռուս խաղաղապահները տիրապետում են իրավիճակին, Շարմազանովն ասաց.
 
«Ես չեմ հասկանում՝ ի՞նչ է նշանակում՝ ամեն ինչ վերահսկողության տակ է, եթե էդ մարդը հանձնել է Արցախի 75 տոկոսը, հանձնում է Սոթքը, Սյունիքի տարածքները և որոշ տարածքային կորուստներ կունենանք Գեղարքունիքից, չեմ բացառում նաև Տավուշից: Ի՞նչ իմանանք՝ այդ հողատուն ի՞նչ բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերել: Խնդրի լուծումը ո՛չ Սյունիքում է, ո՛չ Գեղարքունիքում է, ո՛չ Տավուշում է, խնդրի լուծումը պետք է լինի Երևանում, հասարակությունը պետք է համախմբվի և թույլ չտա, որ այս հողատու գործիչը կառավարի Հայաստանը»,-ասաց Շարմազանովը:
 
Հարցին, թե չի ուշացե՞լ ժողովուրդը, ՀՀԿ խոսնակն արձագանքեց.
 
«Ժողովուրդն ասում է՝ Աստված էլ բեթարից ազատի: Մենք ամեն օր տեսնում ենք նորանոր կորուստներ, ի՞նչ ենք առաջարկում, ասում ենք ՝ դե եթե Արցախը տվել է, 5000 զոհ ենք տվել, չպայքարե՞նք, բա ո՞վ է դրա մեղավորը, պետք է հեռացնել դրան, քանի դեռ էս մարդն իշխանության ղեկին է, իմ համոզմունքն այն է, որ Հայաստանի և հայ ժողովրդի անվտանգությունը չի կարող պաշտպանված լինել: Նա պետք է հեռանա, առաջին պայմանը՝ վերականգնել մեր անվտանգությունը, հզորացնել մեր պետականությունը, ազգային պետության զարգացում ապահովել, ավանդական արժեքների հիման վրա, այս ապազգային, հողատու արարածից ազատվելն է»,-ասաց Շարմազանովը:
 
Անահիտ Հովհաննիսյան
 
 168.am

← Վերադառնալ ցուցակին