Լուրեր
Խաղաղության և համախմբման տարի.Հրանուշ Հակոբյան
31.12.2020
ՀՀ սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանի ամանորյա ուղերձը.
«Սիրելի՛ հայրենակիցներ, գործընկերներ, բարեկամներ, Սփյուռքում ապրող իմ քույրեր և եղբայրներ,
ավանդույթի համաձայն՝ Նոր տարվա և Սուրբ ծննդյան առիթով միմյանց շնորհավորում և բարեմաղթանքներ էինք հղում։
Սակայն, 2020-ը այնպիսի հարված հասցրեց մեր ազգին ու պետությանը, որ բառերն անգամ կարկամում են շուրթերիս, և չեմ կարողանում արտահայտել հույզերիս հեղեղը։
Հոգիս տնքում է Հայրենիքի անդամահատման ցավից, ծանր ու անդառնալի կորուստներից, մեզ պատած անասելի վշտից։
Հայաստանը դարձել է որբի և ողբի հայրենիք։
Այս դժնդակ իրավիճակում մենք պետք է դրսևորենք աննկուն կամք ու վճռականություն, Հայրենիքի շուրջ համախմբենք համազգային ներուժը և 2021-ին մեր գերխնդիրը հայտարարենք Հայոց բանակի վերազինումն ու վերակառուցումը, նրա երբեմնի փառքի ու անպարտելիության վերականգնումը, մեր պաշտպանության, անվտանգության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության ապահովումը, բոլոր ոլորտներում ձեռքբերումների արձանագրումը։
Պետք է մեր մեջ ուժ գտնենք, որպեսզի 2021 թվականին կարողանանք վերականգնել մեր ոտնահարված արժանապատվությունը, վերագտնենք աշխարհում մեր պետության, հայի նկատմամբ եղած հարգանքը։
Անհրաժեշտ է վերականգնել ժողովրդի խարխլված հավատը, որպեսզի հավաքական ջանքով դիմակայենք բազում մարտահրավերների, քանզի հայրենափրկության գործը բոլորինս է և համախմբում է պահանջում Հայաստանում, Արցախում ու Սփյուռքում։
Թող Նոր տարին մեզ բերի խաղաղություն ու հաջողություն, և թող Քրիստոսի Ծննդյան լույսը գոտեպնդի հայ ժողովրդին՝ դուրս գալու սոսկալի մղձավանջից»։