Լուրեր

Էն պահին, երբ մենք էս դավաճանին կարողանանք քշել, պատգամավորները նորից դառնալու են ոչ մեկ․ Հայկ Մամիջանյան

28.12.2020

Պատգամավորները հասկանում են, որ էն պահին, երբ մենք էս դավաճանին կարողանանք քշել, իրենք նորից դառնալու են ոչ մեկ, որովհետեւ բացի էդ պատգամավորի մանդատից իրենք իրենց կյանքում ոչ մի ձեռքբերում չունեն, իրենք չունեն համբավ, հետագիծ եւ այլն, պարզ է, որ ատամներով պիտի բռնվեն էդ մանդատից։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 28-ին, Ազգային ժողովի մուտքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց  ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանը։

 
«Այստեղ նստած պատգամավորները օրինակ են վերցնում իրենց քաղաքական առաջնորդ, դավաճան Փաշինյանից ու ամեն կերպ իբր աշխատանքի վայր ճողոպրում են։ Նոր էլ Արման Եղոյանը վանկարկումների եւ սուլոցների ընթացքում կարողացավ  ճողոպրել իր  աշխատանքի վայր, որտեղ բացի աշխատանքից, ամեն ինչով զբաղվում է։ Ասում են, թե մնացած պատգամավորները մյուս մուտքից թաքուն են փորձում մուտք գործել։ Թքել եմ էդպիսի Կառավարության եւ ԱԺ պատգամավորի վրա, որ աշխատանքի պիտի գողեգող գնա, իրենք իրեցից պիտի ամաչեն։ Էստեղով անցնողը լավ կլսի, թե ժողովուրդն իրենց մասին ինչ է մտածում։ Որոշները նաեւ առավոտյան իրենց մաշկի վրա զգացել են ձվերի եւ պոմիդորների տեսքով»,- նշեց Մամիջանյանը։
 
ՀՀԿ-ականը հավելեց, որ իշխող ուժի պատգամավորները կառչել են իրենց մանդատներից, որովհետեւ բացի դրանից ուրիչ ոչ մի բանի այս կյանքում չեն հասել։
 
«Էդ մարդիկ եղել են ոչ մեկ, իրենց ոչ մեկ չի ճանաչում, չի ճանաչել եւ չի ճանաչելու, որոշների փոխարեն, եթե մի մեշոկ կարտոֆիլ դրվեր, մի քիչ ավելի օգտակար կլիներ, որովհետեւ կարտոֆիլը հիմար օրենքների համար քվեարկել չի կարողանում։ Հիմա ես մարդիկ հասկանում են, որ էն պահին, երբ մենք էս դավաճանին կարողանանք քշել, իրենք նորից դառնալու են ոչ մեկ, որովհետեւ բացի էդ պատգամավորի մանդատից իրենք իրենց կյանքում ոչ մի ձեռքբերում չունեն, իրենք չունեն համբավ, հետագիծ եւ այլն,  պարզ է, որ ատամներով պիտի բռնվեն էդ մանդատից, ոնց որ Փաշինյանն է ատամներով պահվել եւ սոսնձվել է աթոռին, բայց ոչինչ, յուրաքանչյուր սոսինձ  կարելի է պոկել»,- ասաց Հայկ Մամիջանյանը։
 
Ինչ վերաբերվում է Նիկոլ Փաշինյանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցին, Մամիջանյանն ասաց, որ Փաշինյանն ինչքան շատ խոսի, այնքան շատ մարդ կհավաքվի Հանրապետության հրապարակում։
 
Անդրադառնալով խորհրդարանական արտահերթ ընտրություններին, որոնց մասին օրերս հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ քաղաքական ուժերին հրավիրեց քննարկումներ, Մամիջանյանը նշեց, որ դա կեղծ օրակարգ է։ Նրա  դիտարկմամբ՝ Նիկոլ Փաշինյանը խաղաղ անհնազանդության ակցիաների արդյունքում հասկացել է, որ չի կարողանում վերահսկել իրավիճակը, եւ փորձում է միջանկյալ լուծում գտնել, որը չի ստացվելու։
 
news.am

← Վերադառնալ ցուցակին