Լուրեր
Հորդոր ՀՀ ոստիկանությանը. Արտակ Զաքարյան
23.12.2020
ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հորդոր ՀՀ ոստիկանությանը
Հարգելիներս, համաձայն մամուլի հրապարակումների, դուք այսօր զգուշացրել եք Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի ընթացքում արված մի հայտարարության մասով։
Ըստ այդմ, Հայրենիքի փրկության նպատակով, սահմանադրական հնարավոր մեխանիզմի կիրառման մասին արված հայտարարությունը, դուք դիտարկել եք որպես ճնշում ՀՀ ԱԺ պատգամավորների նկատմամբ։ Դա հիմնավորել եք՝ հղում անելով ՀՀ քրեական օրենսգրքի 301.1-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին։
Նախ հորդորում եմ ձեզ, հեռու մնալ քաղաքական գործընթացներից, և կանխավ հող չնախապատրաստել ընդդիմադիր կուսակցությունների նկատմամբ նոր քաղաքական շինծու ճնշումների համար։
Երկրորդը, եթե մոռացել եք, հիշեցնեմ, թե ինչպես է ձեր պաշտպանության տակ գտնվող, հայրենիքը թշնամուն փաթեթով և բոնուսներով
հանձնած վարչապետը, 2018թ. մայիսի 1-ին և 8-ին, ինչպես նաև հոկտեմբերի 2-ին, նույն փողոցում հավաքվածներին կոչ արել, ճնշում գործադրել Ազգային Ժողովի պատգամավորների վրա և երկիրը տարել էյֆորիկ արտահերթ ընտրությունների։ Այդ էյֆորիայի հետևանքները՝ հենց հիմա մենք ճաշակում ենք, իհարկե դուք էլ մեր հետ միասին։
Այն ժամանակ, չգիտես ինչու չհիշեցիք ՀՀ քրօրի 301.1-ը։
Բարի ծառայություն եմ մաղթում։ Համբերություն ձեզ ու չվհատվեք հարգելի՛ ոստիկանություն»։