2010 թվականի հունիսի 24-ին ՀՀ Ազգային ժողովը 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը, որը նկարագրում է նաև Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում սահմանային բնակավայրերի՝ Ադրբեջանի հետ ունեցած սահմանները: Օրենքը այս օրերին կրկին քննարկման առարկա է դարձել այն մեկնաբանմամբ, որ իբր 2010-ին ընդունված օրենքով Արցախի տարածքը ՀՀ օրենսդիր եւ գործադիր մարմինները համարել են Ադրբեջան: «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքն ընդունվել է 1995թ., իսկ 2010-ին ընդամենն օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքն է ընդունվել: Այսինքն՝ մենք ոչ թե օրենք ենք ընդունել, այլ 1995թ. օրենքում եղել են լրացումներ՝ բնակավայրերի հետ կապված: Նիկոլ Փաշինյանն է ՀՀ պետական սահմանի մասին օրենքը խախտել, եւ իր բոլոր անօրինական գործողությունները չի կարող որեւէ մեկի վրա բարդել կամ արդարացնել դրանք:
Միակ պատասխանատուն այս ամենի ինքն է, որովհետեւ նշված օրենքները որեւէ կապ չունեն այն գործությունների հետ, որ ինքը կատարում է: Նիկոլ Փաշինյանը խախտում է ՀՀ սահմանների մասին օրենքը, ինքն ընդհանարապես կատարում է գործողություններ, որոնք ոչ բարոյական, ոչ էթիկական, ոչ էլ իրավական առումով ընդունելի չեն: Ինքը հիմա պետական հանցագործություն է կատարում: Ես ասել եմ, հիմա էլ կրկնում եմ՝ ինքը պետք է ամենայն խստությամբ պատասխան տա օրենքի առաջ, որովհետեւ սա պետական հանցագործություն եւ պետական դավաճանություն է»,-պատասխանելով Aravot.am-ի հարցին՝ ասաց ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ անդամ Կարինե Աճեմյանը:
Ապա հավելեց. «Որեւէ մեկը չգիտի, թե ինքն ինչ է ստորագրել, որովհետեւ այս հայտարարությունն ընդամենը հայտարարություն է, կարող էր ունենալ հավելվածներ, կարող էր չունենալ, բայց մի բան փաստ է, որ եւ Ադրբեջանը, եւ Ռուսաստանը հիմա գծում են Հայաստանի Հանրապետության սահմանը, ընդ որում այստեղ հիմնականում շեշտը Ադրբեջանի եւ Թուրքիայի վրա է՝ իրենց ուզածով, իրենց խմբագրությամբ քարտեզ են գծում, որը որեւէ կերպ ՀՀ որեւէ քաղաքացու համար չպետք է ընդունելի լինի: Այո, այն ինչ արվեց այս ամիսների ընթացքում պատերազմի ժամանակ, պատերազմից հետո եւ հիմա, հակասում է բոլոր օրենքներին եւ բարոյական նորմերին: Փաստ է, որ այս ամեն ինչը միայն Ադրբեջանի ժողովրդի համար է ընդունելի, եւ ընդունելի է 100 տոկոսով» Կարինե Աճեմյանը հատուկ ընդգծեց. «Աշխարհում չկա այնպիսի երկիր, որ իշխանություն զավթած մարդը, որ մոտ երեք տարի կանգնած է իշխանության գլխին, խոսի նախկինների մասին, իր բոլոր արարքների մեղքը գցի նախկինների վրա: Էլ չեմ ասում ժողովուրդը հիշի նախկիններին: Ամբողջ պատասխանատվությունը բոլոր իր արարքների համար կրում է միայն ինքը եւ իր խմբակը»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
aravot.am