Լուրեր

Ես երբեք այն կարծիքին չեմ եղել, որ ով շատ է, նա ճիշտ է. 2018-ին էլ շատերն աջակցում էին Նիկոլին. Շարմազանով

14.12.2020

Հայաստանում իշխանության բացակյության պայմաններում, երբ պետության ղեկավարի աթոռին քաղաքական դիակն է նստած, թուրք-ադրբեջանական ահաբեկչական տանդեմը պետք է առիթից  օգտվի ու բարեկավի իր դիրքերը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ընդդիմության կազմակերպած «անհնազանդության երթի» մեկնարկին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

 
«Հաշվի առնելով, որ նրանք տեսնում են, որ իրենց առաջ կանգնած է թուրքի առաջ ծնկի եկած, Հայաստանի ու Արցախի շահերը պաշտպանել չկարողացող որեւէ անվտանգային լուծման համար անպիտան մեկը՝ հողատու Նիկոլը, իրենք իրականացնում են իրենց գործողությունները: Հայաստանում իշխանություն չկա, ՀՀ ժողովրդին Ադրբեջանը մեկ ամիս շարունակ ինչ ասես ասում է, իսկ Հայաստանի վարչապետը ամեն ինչից խոսում է բացի Ալիեւին պատասխանելուց, Էրդողանի ելույթներին պատասխանելուց: Էրդողանը Էնվեր փաշայի հոգու փառավորման մասին է խոսում, այն Էնվեր փաշայի, որը 1,5 մլն հայերի սպանողն է եղել: Թուրքի առաջ կզածները վախենում են պատասխանել, կանգնել մեդիատեռորից են խոսում:
 
Մենք էլ, երբ տեսել ենք, որ թշնամին ավելի թույլ է, բարելավել ենք մեր դիրքերը: Թշնամու համար շահեկան չի, որ Հայաստանում լինի իշխանափոխություն ու գան ազգային ուժերը»,-ասաց նա:
 
Անդրադառնալով նրան, որ Նիկոլ Փաշինյանը խոսել է արտահերթ ընտրությունների մասին, Շարմազանովն ասաց. «Ինձ համար ընդունելի է, որ Նիկոլի հետ քննարկվի մի հարց՝ անհապաղ հրաժարականը: Պարտված ղեկավարը իրավունք չունի պաշտոնավարելու: Ես երբեք այն կարծիքին չեմ եղել, որ ով շատ է, նա ճիշտ է: 2018-ին էլ շատերն աջակցում էին Նիկոլին, ես այն եզակիներից էի, որ Նիկոլի դեմ պայքարում էի: Դուրս եկավ, որ ես ճիշտ էի, այդ աջակցողները սխալ: Հիմա նրանցից շտերը մեզ հետ են»:
 
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Ադրբեջանի գործողություններն ուղղված են ռուս խաղաղապահների ներկայության արժեզրկմանը, ՀՀԿ խոսնակն ասաց. «Նիկոլ Փաշինյանի որեւէ գնահատական ինձ համար զրո արժեք ունի: Հայկական գյուղերը գրավում են, Նիկոլի խոսնակն ասում է՝ ռուս խաղաղապահներին ենք դիմել: Նիկոլ Փաշինյանը հասել է նրան, որ Հայաստանը գործոնից վեր է ածվել գործիքի, որ հայաստանն այլեւս Արցախի անվտանգության երաշխավորը չի: Ինքը պետք է հեռանա»:
 
 news.am

← Վերադառնալ ցուցակին