Լուրեր

«Հայրենիքի փրկության շարժմանը յուրաքանչյուրիդ մասնակցությունն անհրաժեշտություն է». 17 կուսակցությունների հայտարարությունը

03.12.2020

Հայրենիքի փրկության շարժման խորհուրդը հայտարարություն է տարածել։

 
«Նիկոլ Փաշինյանը և նրա վարչախումբը, ըստ էության, երկիրը տարան կապիտուլյացիայի՝ համայն հայ ժողովրդին կանգնեցնելով լրջագույն կորուստների առջև, փոշիացնելով տասնյակ տարիների՝ մեր համազգային ձեռքբերումները, տևական ժամանակով խոցելի դարձնելով ազգային անվտանգությունը: Կատարվածն ազգային աղետ է և դավաճանություն, որի քաղաքական ու իրավական ամբողջական գնահատականը կտրվի առաջիկայում:
 
Նիկոլ Փաշինյանի և նրա վարչախմբի գործունեության յուրաքանչյուր ժամը մեր պետականությունը հյուծող և ՀՀ քաղաքացիների անվտանգությանն ուղղված սպառնալիք է: 
 
Ակնհայտ է, որ բոլոր ոլորտներում ձախողված վարչախումբն անկարող է դիմագրավել աշխարհաքաղաքական մարտահրավերները, հաղթահարել երկրում օրավուր խորացող քաղաքական, սոցիալական, տնտեսական և հոգեբարոյական ճգնաժամը:
 
Նոր որակի իշխանության ձևավորումը հրամայական է:
 
Ելնելով ստեղծված իրավիճակից, հաշվի առնելով հանրության լայն շրջանակների պահանջը, 17 կուսակցությունների խորհուրդը որոշել է ընդլայնել իր ձևաչափը՝ ձևավորելով Հայրենիքի փրկության շարժում:
 
Շարժումը համահայկական է և վերկուսակցական: Շարժման խորհուրդը ներառում է կուսակցությունների, մտավորականության և հասարակության լայն շրջանակների ներկայացուցիչների:
 
Հայրենիքի փրկության շարժման խորհուրդը հայտարարում է.
 
– Շարժման նպատակն է սահմանադրական ճանապարհով օր առաջ ազատվել Հայաստանի աղետաբեր վարչակազմից՝ ստեղծելով անցումային, հակաճգնաժամային կառավարություն, որը կկանխի Հայաստանի պետականության կորուստը, կիրականացնի երկրի հետպատերազմյան առողջացումը, կաշխատի ազգային-պետական շահերի վրա հիմնված ներքին և արտաքին քաղաքականության, քաղաքացիների անվտանգության երաշխավորման բարձրացման ուղղությամբ և կկազմակերպի արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
 
– Որպես անցումային կառավարության ղեկավար՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ, Խորհուրդն առաջադրում է Վազգեն Մանուկյանի թեկնածությունը, որն ունի հակաճգնաժամային կառավարման փորձ, արդյունավետ բանակցություններ վարելու կարողություն, ներքին համերաշխություն և համազգային համախմբվածություն ապահովելու կամք ու վճռականություն
 
– Վազգեն Մանուկյանը վարչապետ դառնալուն պես կասեցնելու է իր կուսակցական գործունեությունը, պարտավորվում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին անձամբ չմասնակցել և չհավակնել վարչապետի պաշտոնին: Միաժամանակ, նա ստանձնում է պարտականություն՝ մեկ տարի հետո կազմակերպել արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ ԸՕ-ին համապատասխան հավասար պայմաններ երաշխավորելով քաղաքական բոլոր ուժերի համար:
 
– Վարչապետի միասնական թեկնածուն՝ 2020թ. դեկտեմբերի 5-ին, ժամը 1500-ին, Ազատության հրապարակում հրավիրված համազգային մեծ հանրահավաքին կներկայացնի նոր կառավարության առաջնահերթ գործողությունները և հակաճգնաժամային քայլերը:
 
Սիրելի՛ հայրենակիցներ, Հայրենիքի փրկության շարժմանը յուրաքանչյուրիդ մասնակցությունն անհրաժեշտություն է», – ասված է հայտարարությունում։

← Վերադառնալ ցուցակին