Լուրեր

Հողը կարող է նորից քոնը դառնալ, եթե նրա մասին մտածում ես որպես Հայրենիք.Աշոտյան

25.11.2020

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Նայում եմ Ադրբեջանին հանձնվող տարածքներ վերջին օրերին մեկնած ուխտավորների տեսանյութերը։
 
Մարդիկ աչքերով ուտում են հայրենի սար ու ձորը։
 
Մարմնի յուրաքանչյուր բջիջում փորձում են պահեստավորել Հայրենիքի թթվածինը, որ ագահորեն ներս են քաշում ու չեն կշտանում։
Հայացքներով չեն հագենում երկնագույն երկնքից, ականջներով ներծծում են գետերի եւ առուների քչքչոցը, ճաքած շրթունքներով համբուրում են տներն ու սրբավայրերը, ժայռերն ու երեխայի պես խնամված-աճեցրած ծառերը։
Մեկը որպես մասունք հող է բերում, մյուսը՝ գետերի ջուրը, երրորդը՝ ծառից ճյուղ է կտրում մի նոր բակում պատրուս անելու հույսով...
 
Սեր է ու ցավ։
Հայրենազրկում։
Պատվազրկում։
Որակազրկում։
 
Հողը կարող է նորից քոնը դառնալ, եթե նրա մասին մտածում ես որպես Հայրենիք, եթե սիրում ես՝ որպես նպատակ, եթե պատրաստ ես՝ որպես առաքելություն։
 
Բայց ամենից առաջ պիտի ապացուցես ինքդ քեզ եւ աշխարհին, որ ԱԶԳ ես, եւ ոչ՝ ընտրազանգված»։

← Վերադառնալ ցուցակին