Լուրեր

Նիկոլն առայժմ անվնաս հեռացման ուղիներ է փնտրում. Արտակ Զաքարյան

23.11.2020

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ստեղծված վտանգավոր իրավիճակում, արհեստական քննարկումներն ամենամեծ խոչընդոտն են, որոնք կարող են էլ ավելի բարդացնել Հայաստանի և Արցախի ներքին ու արտաքին զարգացումները: Ակնհայտ է, որ Հայաստանի հետ առընչվող գործողություններն արդեն իսկ շրջանցում են Հայաստանին: Տարածաշրջանում տեղի ունեցող արագ զարգացումներում Հայաստանը խաղից դուրս վիճակում է:

ՀՀ իշխանություններին՝ արտաքին ճակատում, բոլորը համարում են այլևս գոյություն չունեցող: Ներսում այն գոյություն ունի զուտ ֆորմալ առումով: Ավելի կոնկրետ՝ ոչ թե գոյութնուն ունի, այլ իր գոյությունն է քարշ տալիս, երկարաձգելով այն բացառապես ոստիկանական մեթոդներով:

Միավորված ընդդիմությունն իր ծրագրերում առավելապես գործում է դանդաղ շտապելու և սահմանադրա-իրավական կանոնների պաշտպանմամբ, որովհետև Հայաստանում իշխանության փոխանցման գործընթացը չի կարող լինել հախուռն և չի կարող ստանալ հեղաշրջման բնույթ: Սա կարծես գիտակցում են բոլոր կողմերը:

Նիկոլն առայժմ անվնաս հեռացման ուղիներ է փնտրում, թաքուն հույսեր փայփայելով, որ ինչ-որ մի պահի կարող է պետք գալ որևէ արտաքին խաղացողի: Նաև գիտակցում է, որ ներսում որևէ քաղաքական հոսանք կամ հասարակական հատվածի հենարան այլևս չունի և չի կարող ունենալ: Միակ արհեստական “հակափաստարկը” որ բերվում է նրա շրջապատից, “ նախկինների” վերադարձն է: Դա իհարկե Նիկոլին մեծ հաշվով չի փրկի, որովհետև շատերն են արդեն հասկանում, որ “նախկին-ներկա” շինծու անջրպետն արդեն քանդվել է ավերիչ ու ամոթալի պատերազմի դավաճանական հետևանքով:

Ցավոք, կյանքը ցույց տվեց, որ “նախկիններն” ավելի կենսունակ ու օգտակար գտնվեցին քաղաքական կյանքում, քան փողոցից իշխանության եկած արկածախնդիրները: Ինչու եմ ասում ցավոք, որովհետև դա հասականալու գինը ահռելի կորուստներն են, որ կրեցինք բոլորս: Դա օրինաչափություն է նաև հետխորհրդային բոլոր երկրներում:

Սակայն մեր իրավիճակում վտանգները դեռ չեն անցել և վերջին պատերազմը, ցավալի ու անդառնալի կորուստների հետ մեկտեղ, էլ ավելի է խորացրել Հայաստանի և Արցախի նկատմամաբ սպառնալիքները:

Օր առաջ պետք է դուրս գալ հիմարաբար հրապարակ նետված “նախկին-ներկա” այս վնասակար թեմաներից: Հիմա Հայաստանին ողջամիտ ու հավաքական քաղաքական միտք է հարկավոր, կառավարչական հմտություններ, հեռահար հայացք և էֆֆեկտիվ գործողություններ: Նիկոլի կործանարար սխալների համար ոչ միայն այսօր, այլ նաև վաղվա սերունդները չեն ներելու, և պատմության ևս մեկ դաժան խարան է մնալու մեր երկրի ու ժողովրդի ճակատագրի վրա:

Այլևս չպետք է լինեն “նախկիններ ու ներկաներ”, պետությունը պետք է ապրի միայն ապագայով: Իսկ ապագան պետք է վստահել փորձառությամբ, հմտություններով, քաղաքական կենսունակությամբ, գիտակցված ու հավասարակշռված որոշումներով և իրատեսական քայլերով առաջնորդվող մարդկանց: Նիկոլի կողմից, այսօր նախարար փոխելը ժամանակի պարապ կորուստ է, ինքնախաբեություն, որը պետք է միայն Նիկոլին՝ ժամանակ ձգելու համար: Սակայն պետք է հստակ գիտակցել, որ իր համար ժամանակ ձգելով, Նիկոլը սպանում է նաև Հայաստանի ու Արցախի ապագան բարելավվելու այսօրվա հնարավորությունները:

Այսօր կա մեկ իրական հարց. Դա Նիկոլի օր առաջ, և անցնցում հեռանալ է՝ իր ողջ կազմով»:

← Վերադառնալ ցուցակին