Լուրեր
Մենք չենք ասում՝ նոր փաստաթուղթ պետք է լինի, ասում ենք՝ այս փաստաթղթի շրջանակներում նոր բանակցողը կարող է որեւէ հայանպաստ գործողություններ իրականացնել. Շարմազանով
19.11.2020
«Մի մարդ, որը հանգեցրել է այս պատերազմին, որը չի կարողացել պաշտպանել ՀՀ ժողովրդի անվտանգությունը, որը բավարար հեղինակություն չունի միջազգային գործընկերների եւ դաշնակիցների մոտ, ու որը թուրքի առջեւ ստորագրել է կապիտուլյացիայի ակտը, չի կարող այլեւս ՀՀ-ն պատշաճ ներկայացնել բանակցություններում, պարտված ղեկավարը չի կարող ներկայացնել: Մենք չենք ասում՝ նոր փաստաթուղթ պետք է լինի, ասում ենք՝ այս փաստաթղթի շրջանակներում նոր բանակցողը, որը պետք է ունենա թե՛ ազգային գաղափարախոսություն, թե՛ բանակցություններում դիվանագիտական ու քաղաքական ճանապարհ անցած լինի, կարող է այս փաստաթղթի շրջանակներում հնարավորինս կիրառումն ավելի հայանպաստ դարձնել:
Նիկոլ Փաշինյանը անհույս է որպես բանակցող: Մենք որեւէ ցույցի ժամանակ չենք ասել, որ խաղաղապահները պետք է հեռանան, այս փաստաթուղթն արդեն փաստ է, խոսքը գնում է կիրառելիության մասին, իսկ Նիկոլ Փաշինյանն այն անձը չէ, որը կարող է նույնիսկ այս փաստաթղթի շրջանակներում որեւէ հայանպաստ գործողությունն իրականացնել»,- Aravot.am-ին ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը: Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան կներդնի բոլոր ջանքերը՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ հայտարարության վերանայում թույլ չտալու համար: Մեր հարցին, այսինքն` բանակցություններում հայանպաստ փոփոխությունները հավանական համարո՞ւմ եք, պարոն Շարմազանովը պատասխանեց՝ եթե հավանական չհամարեր, հարցազրույց չէր տա:
Մեր զրուցակցի խոսքով՝ Փաշինյանը չի կարող բանակցել նաեւ Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ. «Ինքը էսօր պետք է գնա Ալիեւի հետ բանակցություննե՞րի, այն Ալիեւի, որը հրապարակայնորեն իր վրա ծիծաղում է, սեփական դարպասին գոլ խփած մարդը պիտի սեփական դաշտը պաշտպանի՞: Գնում է բանակցի, որ ի՞նչ անի, էլ ի՞նչ ունի հանձնելու: Մի մարդ, որին արտաքին գործերի նախարարությունը երկու անգամ հերքում է, ասում է սուտասան ես, գլխավոր շտաբի պետն ասում է՝ ես նախապես ասել էի, որ, իրավիճակը վատ է, այս մարդը ի՞նչ պետք է բանակցի»:
aravot.am