Լուրեր

Դուրս եկեք եւ մերժեք դավաճանին. Մարգարիտ Եսայան

18.11.2020

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Այս օրերին հատկապես, ինձ նամակներ են գրում, փողոցում են հարցնում՝ ինչու իշխանությունը տվեցիք Նիկոլին։ Ժողովուրդ ջան, Նիկոլին դուք եք տվել իշխանությունը։ Տվեցիք այն օրերին․ Երբ հրապարակում իմ ելույթի ժամանակ զգուշացնում էի, որ գալու է այս օրը, դուք սուլում էիք։ Երբ գիշերով ներխուժեցիք ԱԺ շենք եւ միջանցքներում ինչ-որ կասկածելի կերպարներ սպառնում էին գլուխս ջարդել։ Երբ մետրոյում, երթուղայինում, տաքսու մեջ եւ փողոցում ամենակեղտոտ բառերով հարձակվում էիք։ Երբ հորթի պես հրճվում էիք Նիկոլի պաթոսից։ Երբ անգիտակից, չմտածված հրճվում էիք ամեն «լափել, թալանել, կարմիր գծեր» եւ այս կարգի այլ բառակուտեր լսելիս։ Երբ Նիկոլը սպառնում էր, թե պետք է Երեւանը մաքրել ղարաբաղցիներից, դուք ականջներով ծափ էիք տալիս։ Երբ հացի խանութի երիտասարդ աղջնակը համակ ատելությամբ, ինքն էլ չիմանալով թե ինչու է հատկապես ինձ ատում/բայց ես գիտեի, Նիկոլի սրսկումների արդյունք էր դա/ հրաժարվեց ինձ հաց վաճառել։ Երբ ամեն անգամ փողոց դուրս գալով, ես չգիտեի՝ ողջ կվերադառնամ, թե՝ ոչ, քանի որ բոլորդ ներարկված էիք Նիկոլ - թույնով եւ մայր ու մանուկ մոռացած, փողոցներում խրախճանք էիք սարքում։ Երբ ապրիլի 23-ին, լսերով Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին փողոցներում շամպայն էիք տրաքացնում եւ տորթերով շտապում հրապարակ։ Ու, երբ ես հոսանքին հակառակ գնալով, նույն այդ պահին բոլորիդ միջով վեր էի բարձրանում Բաղրամյան պողոտայով, ձեր միջից մի հորթ հոգեխանգարմունքի մեջ որոշեց շամպայնի շշով խփել ինձ, ես հասցրի ձեռքը բռնել, հա, բռնեցի, եւ նրա հայհոյանքին կրկնակի պատասխանեցի․․ Այդ պահին կարող էր ամեն ինչ լինել․․ Այդ պահին դուք բոլորդ միասին, առանց գիտակցելու, վաճառում էիք Արցախը եւ շամպայն էիք տրաքացնում ընդդեմ Արցախի եւ Հայաստանի։
 
Այ, էս էր Նիկոլի օրգանները պաչողների որակը, այ, էս էր այն ամբոխը, որ նրան բերեց-բերեց ու հասցրեց իշխանության, հասցրեց Արցախի հանձնմանը եւ հիմա էլ, շարունակելով իր անգետ եւ կույր պահվածքը, փորձում է թույլ տալ, որ Նիկոլը ամեն ինչ քանդելով գնա առաջ․․ Այո, չզարմանաք, աչքերդ չռած չհամարձակվեք նայել աչքերիս մեջ ու հարցնել՝ ինչո՞ւ եղավ այն, ինչ եղավ, չհամարձակվեք ինձ մեղադրել, այն ժամանակ,երբ կմնաք նաեւ առանց Հայաստանի, առանց Երեւանի, չհամարձակվեք, երբ թուրքը կվխտա Հյուսիսային պողոտայում եւ ձեզ կասի սալամ ու ձեր աղջիկներին կտանի․․ Նայեք ձեզ, դուք՝ 2018-ի ամբոխը Նիկոլին բերեցիք իշխանության։ Դուք ՝ 2018-ի ամբոխը ստեղծեց բոլոր հարմարությունները, որ կատարվի այս ողբերգությունը... Եվ հիմա, շարունակում եք նույն ոգով․․ Հասկացեք վերջապես, պետք է ոտքի ելնել, պետք է ընդվզել, պետք է բողոքել։ Ամոթ է վերջապես, աշխարհը նայում է ու զարմանում, թե իր խելքով միշտ գոռոզացող հայը ոնց կարողացավ այսքան անխելք լինել, ամոթ է, դուք հող ու հայրենիք եք կորցրել, բայց չեք ընդվզում․․․Թույլ մի տվեք, որ աշխարհը հռհռա ձեր վրա, բոլորիս վրա, թույլ մի տվեք մտածեն եւ հասկանան, թե ինչպես ենք մենք կորցրել մեր պատմական հայրենիքը, արեւմտյան Հայաստանը...Թույլ մի տվեք, ամոթ է...
 
Հայը գոնե մի քիչ պարտավոր է մտածել․․ Կորցնելու բան չի մնացել, շագրենի կաշին ավելի ու ավելի է փոքրանում։ Մնացել է միայն Հայաստանն ու Երեւանը, ձեր հանցավոր անփութությամբ եւ անխելքությամբ դուք կորցնելու եք նաեւ դա։ Բայց ես դեռ հույսս չեմ կորցնում, որովհետեւ հավատում եմ ոչ թե ամբոխին, այլ՝ ժողովրդին եւ հույս ունեմ, որ ժողովուրդը կարթնանա եւ կմերժի իր միջի ամբոխին, կմերժի դավաճանին եւ հող հանձնողին․․Հասկացեք վերջապես, սա հանուն հայրենիքի պայքար է, հանուն հայրենիքի...
 
Այո, ես անուղղելի լավատես եմ, ժողովուրդը պարտավոր է․․ Դուրս եկեք եւ մերժեք դավաճանին․․։
 
Հ․Գ․Այսօր ժամը 18․00-ին ես գնալու եմ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ հրապարակ»:

← Վերադառնալ ցուցակին