Լուրեր
Արցախի կարգավիճակ և փաթեթային լուծում.սա է եղել ՀՀԿ-ի տեսակետը. Շարմազանովը՝ ArmLur.am- ի հարցին ի պատասխան
04.11.2020
ArmLur.am-ը փորձեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովից պարզել՝ ինչ խոստումներ էին տրվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, որից ելնելով էլ այժմ նա խոսում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ անհամաձայնության մասին:
«Բազմաթիվ անգամներ թե՛ մենք՝ հանրապետականներս, եւ թե՛ ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանը մանրամասն ներկայացրել ենք 2008-2018 թվականների բանակցային գործընթացի էությունը: Բանակցություններում հայկական կողմերի անկյունաքարը եղել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պարտադիր իրացումը՝ պարտադիր կամարտահայտությամբ, որն արտահայտվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների նախագահների հինգ հայտարարություններում: Ավելին, 2011 թվականին կողմերը մոտ էին համաձայնության, բայց Ալիեւը հրաժարվեց ստորագրել այդ հայտարարությունը: Պարզ ճշմարտություն է՝ հրաժարվում է ստորագրել նա, ում ձեռնտու չէ: Երկրորդ՝ 2016 թվականի հոկտեմբերին նույն Ալիեւը Ադրբեջանի կառավարության նիստին հայտարարեց, որ միջազգային հանրությունը փակ դռների հետեւում իրենից պահանջում է ճանաչել Արցախի անկախությունը: Սա էր մեր դիվանագիտական ժառանգությունը: Իսկ թե ինչու նոր իշխանությունների կողմից կիրթ և կառուցողական որակված Ալիեւը, որի հետ նրանք կառուցել էին կամ ստեղծել էին ուղիղ կապ, բանակցություններ չվարեց կամ հրաժարվեց ճանաչել անկախությունը, այդ հարցի հասցեատերը ես չեմ ու մենք չենք: Ավելին, մեր իշխանության օրոք մենք չենք բանակցել բացի փաթեթայինից որևէ այլ տարբերակ, այդ թվում՝ փուլային: Հայկական կողմը միշտ դեմ է եղել փուլային տարբերակին եւ անկյունաքարը եղել է Արցախի կարգավիճակը, իսկ թե ինչ եղավ այս ընթացքում, դրան պետք է պատասխանենք ոչ թե մենք, այլ հարգելի նոր իշխանությունները, որոնք ասում էին՝ ինչ ուզում ենք՝ կբանակցենք, կսկսենք մեր զրոյական կետից, մենք Սերժ Սարգսյանի կետից չենք սկսելու եւ կխոսենք Ադրբեջանի ժողովրդի հետ»:
Այս նույն առնչությամբ Արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանը 2020 թվականի հոկտեմբերի 15-ին թողարկված իր հեղինակային հոդվածում նշում է. «2008թ․-ի դեկտեմբերից մինչև 2011թ․-ի հունիսի 24-ը (Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների գագաթնաժողովը Կազանում) կողմերը Ռուսաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ բանակցություններ էին վարում «Հիմնարար սկզբունքների» համաձայնեցման շուրջ։ Կայացան նախագահների 12 երկկողմ (Հայաստան և Ադրբեջան) և եռակողմ (Ռուսաստան, Հայաստան և Ադրբեջան) հանդիպումներ, արտգործնախարարների երեք տասնյակ հանդիպումներ: Ադրբեջանն ամեն անգամ ձեռք բերված պայմանավորվածություններից հետքայլ էր կատարում։ Կիզակետը դարձավ Կազանի գագաթնաժողովը, երբ, հակառակ միջնորդների ակնկալիքների, Ադրբեջանը փաստացի հրաժարվեց հիմնականում արդեն համաձայնեցված տեքստից՝ առաջ քաշելով 12 փոփոխություն: Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, ողջունել է Լեռնային Ղարաբաղի մասին հայտարարությունները, որոնք 2008-2017թթ․ ընթացքում արել են համանախագահ երկրների արտգործնախարարները ԵԱՀԿ Արտաքին գործերի նախարարների խորհուրդների շրջանակներում Հելսինկիում (2008), Աթենքում (2009), Ալմաթիում (2010), Վիլնյուսում (2011), Դուբլինում (2012), Կիևում (2013), Բազելում (2014), Բելգրադում (2015), Համբուրգում (2016), Վիեննայում (2017)։ Հայաստանը նաև ողջունել է 2010 թ. Աստանայում ԵԱՀԿ գագաթնաժողովի շրջանակներում ընդունված Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությունը: Բաքուն կա՛մ հրաժարվել է ընդունել այդ հայտարարությունները, կա՛մ հետագայում հետքայլ է արել»։
armlur.am