Երեկ երկրում Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի ինտենսիվ քննարկումների օր էր։ Նախ, վարչապետի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՀ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստը, որից հետո մի շարք արտախորհրդարանական ուժեր, այդ թվում՝ Հանրապետականը, փակ քննարկման ձևաչափով հանդիպեցին Նիկոլ Փաշինյանի հետ։
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը հրաժարվեց 168․am-ին հանդիպման վերաբերյալ մանրամասներ ներկայացնել։ Նրան ուղղեցինք ընդամնեը մեկ հարց․
-Ո՞րն է Ձեր կուսակցության դիրքորոշումը ստեղծված իրավիճակում։
– Հանրապետական կուսակցության դիրքորոշումն Արցախի հարցում հայտնի է և այն բազմիցս բարձրաձայնվել է նախագահ Սերժ Սարգսյանի կողմից. Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Մենք այդ դիրքորոշման ենք եղել թե մեր իշխանության ժամանակ, թե իշխանափոխությունից հետո, թե այս պահին։ Մեր դիրքորոշումներում ոչինչ չի փոխվել։ Որևէ այլ տարբերակ, քան փաթեթային լուծումը, մեզ համար չի եղել և չի լինելու ընդունելի։