Լուրեր

Մարդիկ արտագաղթելու համար միտինգ են անում,իսկ մարդ կա 2050-ի պլաններից է խոսում. Շարմազանով

21.09.2020

Մատենադարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ներկայացրեց Հայաստանի՝ մինչև 2050 թ. վերափոխման ռազմավարությունը: Իր ելույթում նա խոսեց 2050 թվականին ակնկալվող ցուցանիշների մասին՝ ՀՀ բնակչությունը հասցնել առնվազն 5 միլիոնի, ստեղծել 1500 նոր աշխատատեղ, աշխատանքով հաղթահարել աղքատությունը, 20-ապատկել ՀՀ համախառն ներքին արդյունքը, առողջ ապրելակերպը դարձնել ազգային հատկանիշ, և այլն:

168.amը ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվեց, թե որքանո՞վ են իրատեսական այս ակնկալիքները, և արդյո՞ք կարճաժամկետ ծրագրերն իրականացնելիս այնպիսի հաջողություններ ենք գրանցել, որոնք թույլ կտան մտածել 2050 թվականի մասին, ինչին ի պատասխան՝ նա նշեց.

 «Եթե չեմ սխալվում, նա արդեն երկրորդ անգամն է նման կենացների ժողովածուով հանդես գալիս: Այն, որ յուրաքանչյուր պետություն, ժողովուրդ պետք է ունենա զարգացման ռազմավարություն, տեսլական՝ աներկբա է, բայց ի՞նչ կապ ունի դա Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մտքերի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու կառավարությունը թող նախ բարի լինեն ժողովրդին տված խոստումների գոնե մի մասը կատարեն. աշխատատեղերը փակվում են, կորոնավիրուսի պատճառով 1100-ից ավելի մահ է եղել, անվտանգության առումով պրոբլեմ ունենք, տնտսությունը գահավիժում է, սոցիալական խնդիրներն ավելանում են, աղքատությունն ավելանում է: Մարդիկ կառավարության դուռը ջարդում են, միտինգ են անում-ասում են՝ արտագաղթում ենք, Նիկոլը կանգնել-ասում է՝ 2050-ին 5 միլիոն ենք լինելու. դու հիմա այնպես արա՝ էդ մարդիկ չարտագաղթեն: Գիտեք՝ սա անլուրջ վերաբերմունք է. ես չեմ ասում, որ պետության ղեկավարը չպետք է ունենա տեսլական, բայց այս պայմաններում, երբ Ալիևը քեզ պատերազմով է սպառնում, երբ քո տնտեսությունը գահավիժում է, երբ քո ժողովրդական համերաշխությունը պակասում է, երբ դու քո խոստումները չես կատարել…»:

Էդուարդ Շարմազանովը նշեց՝ երեկ է վերադարձել Ալավերդուց, որտեղ նրան տեղեկացրել են, որ Ալավերդու գործարանի նախկին աշխատակիցներն այդպես էլ չեն ապահովվել խոստացված աշխատանքով. «Ինձ ալավերդցի մի մարդ ասաց՝ Շարմազանով ջան, մենք էն ժամանակ իրեն հավատացինք՝ ձեզ չընտրեցինք, ինքն ասաց՝ Ալավերդու գործարանի աշխատողները պետք է աշխատանքով ապահովված լինեն, գնացեք-հարցրեք՝ այդ գործարանը, որ Նիկոլ Փաշինյանի օրոք փակվել է, այդ գործարանի 600 աշխատողից քանի՞սն են այսօր աշխատում:

Նա ոչ միայն իր խոստումները չի կատարել, այլև բոլոր ոլորտներում վիճակն ավելի է վատացրել: Սա անլրջություն է, հասկանո՞ւմ եք: Եթե մի մարդու համար ձի նստելը, լայք հավաքելը, ձիուց իջնելը, ավտոմատ բռնելը… ամեն ինչը լայքի բան է՝ անլրջություն է հույս կապել այս կառավարության հետ ու իր հետ, և ես սա ասել եմ դեռ երկու տարի առաջ, երբ Նիկոլ Փաշինյանը կառավարության ծրագիրը բերեց. Հիշո՞ւմ եք՝ ինչեր էր ասում՝ թռիչքային զարգացում, աննախադեպությունների մի շարան: Ո՞ւր է: 12 հատոր հանրագիտարանի չափ միայն իր գործի ու խոսքի անհամաչափության մասին կարելի է գրել»:

Դիտարկմանը, թե հնարավոր է՝ հակադարձեն, որ կորոնավիրուսը խանգարեց ծրագրերն իրականացնելուն, ՀՀԿ ԳՄ անդամ արձագանքեց. «Ինչի մինչև կորոնավիրուս թռչո՞ւմ էինք. մինչև կորոնավիրուսի տվյալները նայեք՝ ներդրումներն ինչքան է եղել: Մինչև կորոնավիրուսը չէ՞ր, որ ինքն ավտոմեքենաների գործարան էր բացում, որը հետո չէր աշխատում, մինչև կորոնավիրուսը չէ՞ր, որ ասում էր՝ հանրապետականները որ չլինեն, ներդրումներն ու ներգաղթը սկսվելու են. ոչ ներդրում տեսանք, ոչ ներգաղթ տեսանք»:

Ըստ Էդ. Շարմազանովի՝ ստեղծված իրավիճակից միակ ելքը Նիկոլ Փաշինյանի կառավարության հրաժարականն է, սակայն շեշտեց՝ երկրում չպետք է լինեն ցնցումներ. «Այս մարդը պետք է հեռանա. Նիկոլ Փաշինյանը և պետական կառավարումը հակադիր հասկացողություններ են. պետական կառավարիչը ստեղծող է, կառուցող է, այս մարդը քանդող է:

Դուք պատմության մեջ տեսե՞լ եք մի հեղափոխական, որ կառուցի. Ֆրանսիայում Ռոբեսպիե՞րն է կառուցել, թե՞ Ռուսաստանում Լենինն ու Տրոցկին, բոլորը եկել-քանդել են: Հիմա՝ այս մարդը քանդող է, այս մարդը համակարգ է քանդում: Ես դեռ ժամանակին ասել եմ՝ Նիկոլ Փաշինյանն իր կառավարման շրջանում ավելի շատ պրոբլեմներ է առաջացրել, քան երեք նախագահների վարչակարգերը միասին վերցրած:

Սա ապաշնորհ, ոչ պրոֆեսիոնալ, անլուրջ, անձնական քինախնդրություն ունեցող ղեկավար է ու ղեկավարություն:

Մեզ ցնցումներ էլ պետք չեն. Հայաստանի Հանրապետությունն այլևս ցնցումների գնալու լիմիտ չունի: Եթե Աստված չանի՝ մի հատ էլ ցնցում եղավ, խմբերով իրար դեմ դուրս եկան, թուրքերն ու ադրբեջանցիները մտնելու են: Երկու տարի է՝ դա եմ գոռում՝ ա՛յ ընկեր, թուրքերն ու ադրբեջանցիները միասնական պարադներ են անում, արդեն Նախիջևանում են, դու ազգը սևուսպիտակի ես բաժանում:

Ասում է՝ 2050 թիվ. գիտե՞ք՝ ինչին է նման՝ 1920 թվականին Թուրքիան Ալեքսանդրապոլ էր մտել, Հայաստանում գործիչներ կային, որ «Ծովից ծով Հայաստան» էին երազում»:

Քաղաքական գործիչը, ի թիվս ներքաղաքական բազմաթիվ խնդիրների, խոսեց նաև քաղաքական բանավեճի բացակայության մասին. «Ասում է՝ Գագիկ Ծառուկյանը գրել էլ գիտի՞. չգիտե՞ս, որ գրել գիտի, հետը դու էիր հուշագիր ստորագրում: Ինքը չէ՞ր ասում՝ Գագիկ Ծառուկյանը խոշոր սեփականատեր է, բա հիմա այդ ի՞նչ եղավ:

Երբ Արթուր Վանեցյանին գեներալ-մայորի ուսադիր էիր տալիս, չէի՞ր հիշում, որ գաղտնալսվել է, նոր հիշեցի՞ք, որ գաղտնալսվել է: Գաղտնալսվելուց հետո դեռ մեկ տարի այդ մարդն աշխատում էր:

Ինչքա՞ն կարելի է անբարո կոմպրոմատները մտցնել դաշտ: Ով ինչ գիտի-չգիտի՝ ասում է. սահման չկա, տաբու չկա այս իշխանության համար, սա՛ է վտանգավոր, արգելակներ չունի:

Երբ մենք ինչ-որ տեղ սխալ, էմոցիոնալ հայտարարություն էինք անում, իմ կուսակցության ղեկավարը հրավիրում էր, ասում էր՝ քաղաքական գործիչը պետք է զուսպ լինի, հանդուրժող լինի: Օրերս գրառմամբ հիշեցրել եմ, որ Վազգեն Սարգսյանն ասել է՝ «մենք պարտավոր չենք իրար սիրել, բայց պարտավոր ենք իրար հանդուրժել»:

«Ես չեմ ուզում, կուշտ եմ այդ իշխանությունից, ձրի էլ տաք՝ չեմ գալու, ես իմ պետության մասին եմ մտածում, ես ու ինձ նման շատ մարդիկ: Մենք մեր պետության ու հայրենիքի մասին ենք մտածում. այս ապազգային ու ապաքաղաքական իշխանության մի օր ավել մնալը պետության ղեկին թուլացնում է մեր պետությունը»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը:

Զարուհի Դիլանյան

168.am

← Վերադառնալ ցուցակին