Լուրեր

2020թ. հուլիսի 10-ին ԱԱԽ-ում հավանության է արժանացել ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը. Արտակ Զաքարյան

04.09.2020

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարությանը։

«2020թ. հուլիսի 10-ին ԱԱԽ-ում հավանության է արժանացել ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը: Ենթադրվում է, որ այն անվտանգության ոլորտի անկյունաքարային և ուղենիշային ռազմավարական փաստաթուղթ է, որում պետք է սահմանված լինեն հիմնական ուղղությունները, նպատակներն ու առաջնահերթությունները:

2007թ. մշակված և հաստատված ռազմավարությունը, ժամանակի հրամայականով և տարածաշրջանային անվտանգային միջավայրի փոփոխություններով պայմանավորված, անշուշտ մի շարք վերանայումների կարիք ուներ: Փորձելու եմ մի շարք հրապարակումներով վերլուծել այն, ինչ ունենք այսօր:

 

Նախ ցանկանում եմ անդրադառնալ Փաշինյանի՝ փաստաթղթին կցված ուղերձին: Այն փաստաթղթի մաս չէ ու տպավորություն է, թե նա առիթը բաց չի թողել նաև այս փաստաթղթում իր «հեղինակավոր խոսքը» ասելու համար: Արդյունքում ստացվել է ոչ թե ազգային անվտանգության ռազմավարության շուրջ պաշտոնական խոսք, այլ լրագրողական հոդված` համեմված որոշ պատմա-փիլիսոփայական հարցերի փաշինյանական ռեմիքսներով:

Հատ առ հատ չեմ անդրադառնա, բայց երեք օրինակ ցանկանում եմ բերել:

1. Ըստ վարչապետի ուղերձի` «հայ» հասկացության նշանակությունը դարերի հետ փոփոխության է ենթարկվել: Իսկ ի՞նչն է փոխվել. ըստ Փաշինյանի ուղերձի՝ «Մենք հիմա չգիտենք՝ ինչ է նկատի ունեցել Արտաշես արքայի ժամանակների մեր հայրենակիցը, երբ ասել է հայ: Բայց հաստատ գիտենք, որ նույն բանը նկատի չի ունեցել, ինչ մենք ենք այսօր նկատի ունենում հայ ասելով: Առնվազն՝ նա չի իմացել մեր գոյության մասին, իսկ մենք նրա գոյության մասին գիտենք վստահաբար: Հենց միայն այս հանգամանքը ազգային ինքնության զարգացման էական գործոն է»:

Այսպիսի պարզունակ դատողությունով սկսվող ազգային անվտանգության ռազմավարության մեկնաբանությունները թողնում եմ Ձեզ: Երևի Արտաշես արքայի ժամանակվա հայը չի պատկերացրել, որ Նիկոլ վարչապետի ժամանակվա հայերի մի հատված սորսոախառը, ԼԳԲՏ-ամետ, եղեկեցու դեմ պայքարող ու անցյալամերժ նպատակներով կառավարություն կձևավորի: Արդյոք սա՞ է «Հայ»  հասկացության փոփոխության փաշինյանական իմաստը: Այո՛, երևի Նիկոլը ճիշտ է, Արտաշես արքայի ժամանակի հայը չի իմացել այդ տեսակի հայերի գոյության մասին:

2. Ազգային նպատակներ բաժնում Նիկոլ Փաշինյանը, չգիտես՝ ինչո՞ւ, որոշել է, որ հենց ինքն է այն մարդը, ով ի զորու է ձևակերպել և շարադրել հայ ժողովրդի ազգային նպատակների սպառիչ ցանկը: Սա ինքնաիրավչության նման մի բան է: Որևէ երկրի վարչապետ, երկարաժամկետ ու հիմնարար փաստաթղթում չի կարողն նույնիսկ իր ղեկավարած կառավարության նպատակների սպառիչ ցանկը սահմանել: Իսկ զավեշտալին այն է, որ սույն ուղերձում հայ ժողովրդի ազգային նպատակ է համարվել նաև «կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը, հանրային, պետական, տնտեսական կյանքում ներգրավվելու կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների ապահովումը»: Մի բան, որը զուտ սահմանադրության պահանջ է` իրավական հասկացություն: Հայոց պատմությունից ես չգիտեմ մի իրադարձություն, կամ ժամանակակից համազգային նպատակ, որը որպես ազգային անվտանգության ռազմավարական հարց, դիտարկի կանանց և տղամարդկանց հավասարությունը:

3. Որևէ մեկը կարո՞ղ է հոդաբաշխ բացատրել հետևյալ պարադոքսը. Հայ ժողովրդի ազգային նպատակների ցանկում գրված է «Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը՝ առանց որևէ սահմանափակման»: Եթե արդեն սահմանում եք հայ ժողովրդի այս նպատակը, ապա ո՞ւմ է պետք նույն ուղերձի «Համակեցության համահայկական կանոնները» անկապ վերնագրով բաժնի 6-րդ կետի վերջին նախադասությունը. «Բանակցությունների արդյունքում Հայաստանի և Արցախի կառավարությունների համար ընդունելի համարված որևէ լուծում կարող է ընդունելի դիտվել միայն Հայաստանում և Արցախում ժողովրդական հավանության դեպքում»: Այսինքն, ըստ Փաշինյանի` հայ ժողովուրդը, իր կառավարության հետ միասին, ինչ–որ պահի, կարող է շեղվե՞լ իր հայտարարած ազգային նպատակից, թե՞ կասկածի տակ է դրվում այդ նպատակը, կամ էլ կառավարությունը խուսանավում է հայ ժողովրդի այդ նպատակը մինչև վերջ իրագործելու պատասխանատվությունից:

Շարունակելի»։

← Վերադառնալ ցուցակին