Լուրեր

Մեր անունը մեզ ոչ միայն չի խանգարել, այլեւ օգնում է. դա հպարտության անուն է. Եսայանը՝ ՀՀԿ-ի անվանափոխության լուրերի մասին

26.08.2020

«Միանգամից ասեմ, որ հերքում եմ և ասեմ, որ հասկանում եմ, որ Հանրապետականի ամեն ինչը՝ անունից սկսած մինչև անցած ճանապարհ, ձեռքբերումներ, ՀՀԿ-ի առաջնորդներ ու շարքային անդամներ մշտապես լինելու են մեր հանրության ու լրատվամիջոցների թոփ տասնյակի առաջին հորիզոնականներում, բայց ուզում եմ հիասթափեցնել նման կեղծ լուրեր տարածողներին։ Կուսակցության անվան փոփոխության քննարկում կուսակցությունում չի եղել, չկա և չի լինելու, քանզի Հանրապետական անունը մեր երկրի պատմության անկախության տարիներից առաջ և անկախության ամբողջ ընթացքում ընկալվել է որպես մեր պետության քաղաքական կյանքի պատմություն, մեր պետականության ստեղծման և ամրապնդման պատմություն, Արցախյան ազատամարտում մեր հաղթանակների պատմություն, նաև բանակաշինության և, առհասարակ, բանակաշինության պատմություն։ Դրա համար նման քննարկում չենք արել, չենք անում և չենք պատրաստվում անել»,-New Armenia.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը, հերքելով մամուլում շրջանառվող այն լուրը, թե ՀՀԿ-ն որոշել է փոխել կուսակցության անունը։

Մարգարիտ Եսայանը ընդգծեց նաև, որ կուսակցության անունը իրենց երբեք չի խանգարել քաղաքական ակտիվ գործընթացներ իրականացնելու համար․ «ՀՀԿ-ն մշտապես ունի իր կայուն ընտրազանգվածը, իր անդամները։ 2018 թվականին նրանք, որոնք իբրև հանրապետականներ էին և թռան կուսակցությունից, իրականում նրանք Հանրապետականի շուրջ էին գտնվում իրենց պաշտոնի, շահի և այլնի համար, իսկ բուն Հանրապետականը ինչպես որ եղել է՝ ամուր, կայուն և անսասան, այդպիսին էլ շարունակում է մնալ։ Իշխանությունը կորցնելուց հետո էլ մենք շարունակում ենք քաղաքական ակտիվ գործունեություն, մեր անունը մեզ ոչ միայն չի խանգարել, այլև օգնում է և հետո էլ չի խանգարելու վստահաբար, որովհետև դա հպարտության անուն է։ Հասարակության այն շերտը, որ գնահատել է ՀՀԿ-ին՝ որպես քաղաքական միավոր, շարունակելու է և շարունակում է գնահատել՝ որպես գաղափարական ուժ, ովքեր որ անցողիկ էին, արդեն թռան-գնացին, նրանք ամեն կուսակցության վրայից այդպես թռնելու են գնան, երբ տվյալ կուսակցությունն այլևս իշխանություն չի լինի»,- եզրափակեց Մարգարիտ Եսայանը։

Քրիստինե Աղաբեկյան

newarmenia.am

← Վերադառնալ ցուցակին