Լուրեր
Աշոտյան. «Կարո՞ղ է Ադրբեջանի նախարարի մոսկովյան այցի ֆոնին Մոսկվան գերադասեց պաշտոնապես լռել Երեւանի հետ զրույցի մասին»
26.08.2020
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր ցերեկը տեղի էր ունեցել Մնացականյան-Լավրով հեռախոսազրույցը, որի մասին հայկական կողմը հաղորդագրություն էր տարածել։
Զրույցը տեղի էր ունեցել Արցախյան բանակցություններում առկա ճգնաժամի, Ադրբեջանի ԱԳ նախարարի մոսկովյան այցի եւ այդ համատեքստում Ռուսաստանի նշմարվող նախաձեռնողականության ֆոնին։
Սակայն հատկանշական է, որ օրն ավարտվեց, սակայն Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական կայքում Զոհրաբ Մնացականյանի հետ հեռախոսազրույցի մասին այդպես էլ որեւէ պաշտոնական հաղորդագրություն չկար։
Առաջին հայացքից այս «կազմակերպչական» խնդրի առիթով 3 հարց է ծագում։
1. Եթե այսօրվա զրույցը լոկ «տեխնիկական» էր, ապա ինչու՞ Հայաստանի ԱԳՆ-ն առանձին հաղորդագրություն տարածեց։ Ու՞մ եւ ի՞նչ էր ապացուցում «Иштояна видел» տրամաբանության ներքո։
2. Եթե զրույցը կարեւոր էր, ապա ինչու՞ ՌԴ համապատասխան գերատեսչությունը լռեց։
3. Եւ վերջապես երրորդ, ամենամտահոգիչ վարկածը. կարո՞ղ է Ադրբեջանի նախարարի մոսկովյան այցի ֆոնին Մոսկվան գերադասեց պաշտոնապես լռել Երեւանի հետ զրույցի մասին։
UPD: Այս գրառումից 2 ժամ, եւ ՀՀ ԱԳՆ հաղորդագրությունից 9 ժամ անց ռուսական կողմը վերջապես տարածեց զրույցի մասին հաղորդագրություն։ Ի՞նչ, այսինքն իմ երրո՞րդ տարբերակն էր ճիշտ...»: