Լուրեր
Մենք պայքարում ենք հանուն ավելի բարեկեցիկ ապագայի․ ՀՀԿ-ական
25.08.2020
Հանրապետական կուսակցության երիտասարդական թևի պատասխանատու Հայկ Մամիջանյանը ծիծաղով ընդունեց մամուլում այսօր հրապարակված տեղեկությունը, թե ՀՀԿ-ն պատրաստվում է փոխել անունը։
«Ես չեմ ուզում անհեթեթ տեղեկությունները մեկնաբանել։ Համենայնդեպս, կարող եմ ասել, որ ես նման քննարկման մասին տեղյակ չեմ», - InfoPort.am-ի հետ զրույցում ասաց Մամիջանյանը։
Ինչ վերաբերում է կուսակցության գործունեությանը, երիտհանրապետականն ասաց, որ Հանրապետականի ծրագրերը շարունակում ն մնալ նույնը՝ «շատ ակտիվ աշխատանք բոլոր հնարավոր քաղաքական գործիքակազմի կիրառմամբ ի բարօրություն մեր երկրի»։
Հարցին՝ ի՞նչ է դա նշանակում, պայքար իշխանությունների դե՞մ, Մամիջանյանը պատասխանեց․
«Մենք չենք պայքարում ինչ-որ բանի դեմ, պայքարում ենք հանուն ինչ-որ բանի, հանուն ավելի բարեկեցիկ ապագայի և եթե դրա համար անհրաժեշտ է, որ այս կամ այն պաշտոնյան, կամ քաղաքական համակարգը փոխվի, ուրեմն այդպես է»։
Հետաքրքրվեցինք նաև՝ հնարավո՞ր է այդ ճանապարհին համագործակցություն այլ քաղաքական ուժերի հետ, ինչին ի պատասխան Մամիջանյանը ասաց․
«Իհարկե, Հանրապետականը պատրաստ է համագործակցել այն ուժերի հետ, ովքեր ի բարօրություն երկրի են գործելու»։
Նաև ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցության հե՞տ հարցին, երիտհանրապետականը պատասխանեց․ «Եկեք անուններ չտանք»։
infoport.am