Լուրեր
ՀՀԿ-ն այսօր արտախորհրդարանական ամենաազդեցիկ և քաղաքական օրակարգ թելադրող ուժն է․ Շարմազանով
25.08.2020
«Կատարյալ հիմարություն է, կատարյալ մառազմ», - InfoPort.am-ի հետ զրույցում Հանրապետական կուսակցության անունը փոխելու մասին այսօր մամուլում հրապարակված տեղեկությանը այսպես արձագանքեց Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Նա ընդգծեց, որ Հանրապետական կուսակցությունը շարունակելու է գործել որպես Հանրապետական կուսակցություն։
«Հանրապետական կուսակցությունը այսօր արտախորհրդարանական ամենամեծաքանակ ու ամենաազդեցիկ քաղաքական ուժն է, որը ակտիվ քաղաքական գործունեություն է ծավալում ընդդիմադիր դաշտում։ Մենք հիմա ակտիվ քննարկումների ու ակտիվ հանդիպումների մեջ ենք բոլոր տարածքային կառույցների, մարմինների հետ։ Քաղաքական դաշտում հիմա օրակարգը թելադրում է Հանրապետական կուսակցությունը», - մեզ հետ զրույցում հավելեց Էդուարդ Շարմազանովը։
Հարցին, թե քննարկումներ ծավալվո՞ւմ են այլ ուժերի հետ համագործակցության համար, Շարմազանովը դրական պատասխան տվեց և հավելեց․
«Բազմաթիվ են ուժերը, որոնց հետ առանձին հարցերի շուրջ արդեն համագործակցություն եղել է, օրինակ՝ Սևրի պայմանագրի հարցի շուրջ 10 քաղաքական ուժերով համատեղ հայտարարություն ընդունեցինք։ Պարզ է՝ ոչ իշխանության։ Ես բացառում եմ Հանրապետական կուսակցության համագործակցությունը սորոսածին, գրանտակեր ուժերի և ահաբեկիչների հետ։ Բոլոր ուժերի հետ, ովքեր ազգային դաշտում են գործում, քրիստոնեական արժեքների կողմնակից են, Արցախի անկախության կողմնակիցներ են, մենք կարող ենք համագործակցել»։
Հարցին, թե հնարավո՞ր է կոնկրետ «Հայրենիք» կուսակցության հետ համագործակցություն, Շարմազանովը պատասխանեց․
«Ես արդեն ասացի՝ ում հետ տեսականորեն չենք կարող համագործակցել, մնացածի հետ համագործակցության եզրեր կարող են լինել։ Մի մոռացեք՝ Հանրապետական կուսակցությունը Նիկոլի կազմակերպած խայտառակ ընտրություններում 4-րդ ուժն է»։
Նա ընդգծեց, որ այս իշխանության դեմ պետք է ստեղծվի ազգային համաձայնության բևեռ։
infoport.am