Լուրեր
Սերժ Սարգսյանի ասուլիսը ծառայել է իր նպատակին. Արտակ Զաքարյան
20.08.2020
«Դատելով Սերժ Սարգսյանի ասուլիսի շուրջ արձագանքներից, կարելի է համոզված ասել, որ այն ծառայել է իր նպատակին»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովի եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն՝ անդրադառնալով երեկ կայացած պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի ասուլիսին եւ դրան հետեւած արձագանքներին: Արտակ Զաքարյանն արձանագրում է. «Փոխվել է նաև քննարկումների որակը, մարդիկ իրականության հետ, փաստերի հետ են հաշվի նստում: Հուսամ, որ իշխանության ներկայացուցիչները ևս, գուցե մի օր հասկանան, որ պետության շահերի հետ խաղալ չի կարելի, Փաշինյանի ստեղծած սխալ արշինով՝ պետության անցյալն ու ապագան չափել չի կարելի: Որ ապրիլյան պատերազմի թեման անընդհատ շահարկելը, կեղծելն ու սևացնելը իրենց լավ հանգրվանի չի բերելու: Որ 2016թ. ապրիլյան պատերազմի հաղթանակը միայն Սերժ Սարգսյանի հաղթանակը չէր, այլ ողջ հայ ժողովրդի ու իր բանակի: Եվ չի կարելի թույլ տալ, որ այն սևացնեն, աղավաղեն, կեղծեն կամ, առավել ևս, «գողանան»: Երեկ եւ այսօր Սերժ Սարգսյանի հայտարարություններին բավական ուշագրավ արձագանքներ եղան: Մասնավորապես, ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանն անդրադարձավ պաշտոնաթող նախագահի ընդամենը մեկ հայտարարությանը. «Մենք նախօրոք չենք իմացել, որ Ադրբեջանի կողմից պատրաստվում է լայնածավալ գործողություն»: Իշխող ուժը ներկայացնող պատգամավորը գրել էր. «Մինչդեռ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը դեռևս 2016 թվականի ապրիլին կառավարության հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է, որ հայկական կողմը Ղարաբաղի վրա Ադրբեջանի հնարավոր հարձակման հետախուզական տվյալների է տիրապետել։ Ըստ նրա, հրամանատարական կազմին զեկուցվել է հակառակորդի տեղափոխությունների մասին։ Նա ասել է. «Մենք ունեցել ենք մեր հետախուզության համապատասխան տեղեկությունը, որը կանոնավոր կերպով տեղեկություն է հավաքել հակառակորդի կազմի, նրա տեղափոխության, հնարավոր գործողությունների մասին։ Հենց դա է օգնել հայկական ուժերին դիմակայել հակառակորդին ճակատի ողջ գծով և հաջողությունների հասնել»։
Ապա, արձագանքներ եղան նաեւ Արցախից: Արցախի նախկին նախագահի նախկին խոսնակ, այժմ Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանն ասել էր, որ ապրիլի 8-ին, երբ ԵԱՀԿ համանախագահները Ստեփանակերտում էին, ադրբեջանական անօդաչու սարք խոցվել: Մինչդեռ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հայտարարեց, որ ապրիլյան քառօրյայի ժամանակ հակառակորդի անօդաչու թռչող սարք Ստեփանակերտ չի հասել։ Ստեփանակերտից մեկ այլ արձագանք էլ եղավ այս թեմայով: Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանն էլ գրել է, որ ադրբեջանական անօդաչու սարքը ապրիլի 7-ին է եղել Ստեփանակերտում: Արտակ Զաքարյանն ասաց, որ որոշ հարցերի ինքը առաջիկայում կանդրադառնա, իսկ «մանր-մունր ծղրտոցներին» անդրադառնալու կարիք չի տեսնում. «Մենք քայլ առ քայլ պետք է բացահայտենք իրականությունը, մարդիկ պետք է առերեսվեն իրականության հետ, մեր հանրային կյանքից պետք է դուրս մղվեն սուտը, կեղծիքն ու խաբեությունները»: Երեկվանից սոցիալական ցանցերում նաեւ քննադատություններ հնչեցին Սերժ Սարգսյանի հասցեին, որ վերջինս ասուլիսի սկզբին հարգեց միայն ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակը, իսկ վերջերս, տավուշյան բախումների ժամանակ զոհվածների հիշատակի մասին ոչինչ չասվեց: Արտակ Զաքարյանն այս առիթով ասում է. «Սերժ Սարգսյանն իր ասուլիսի ընթացքում մեծ հարգանքով ու երախտիքով հիշատակել է թե՛ Արցախյան առաջին պատերազմում, թե՛ ապրիլյան լայնամասշտաբ մարտական գործողությունների ժամանակ, և թե՛ հուլիսին Տավուշի ուղղությամբ տեղի ունեցած դիրքային թեժ մարտերի ժամանակ մարտնչած և զոհված բոլոր զինծառայողների ու մարտիկների սխրանքները: Ցավն այն է, որ նույնիսկ ասուլիսից հետո, որոշ շրջանակներից փորձում են շարունակել շահարկումներն ու կեղծ տեղեկությունների տարածումը»:
Նելլի Գրիգորյան
aravot.am