Լուրեր

Մենք 2.5 տարի պայքարում ենք այս ապազգային, հակապետական, «իզմեր» չունեցող ռեժիմի դեմ. աջակցում ենք Իսրայել Հակոբկոխյանի գաղափարին. Է. Շարմազանով

17.08.2020

Մենք երկուսուկես տարի պայքարում ենք այս ապազգային, հակապետական, «իզմեր» չունեցող ռեժիմի դեմ. աջակցում ենք հացադուլ իրականացնող Իսրայել Հակոբկոխյանի գաղափարին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ, ԱԺ նախկին պատգամավոր Էդուարդ Շարմազանովը:

 

«Այն մտահոգությունները, որոնք բարձրաձայնում է Իսրայել Հակոբկոխյանը, մեզ համար մտահոգիչ և ընդունելի են: Հակոբկոխյանը մեր ազգի մարզական լեգենդներից մեկն է, մարդ, որը մշտապես աչքի է ընկնել իր ազգային արժեքներով: Եկել ենք աջակցելու նրան, և շատ կարևոր է, որ ամենօրյա ռեժիմով բոլորը գիտակցեն, որ սա ոչ միայն այս կամ այն քաղաքական կուսակցությունների, ոչ թե նախկին կամ ներկա ուժերի, այլ բոլորիս խնդիրն է»,-ասաց Շարմազանովը:

Նրա դիտարկմամբ՝ այս իշխանությունն արշավ է սկսել ազգային ինքնության և հայկականության, հայագիտության, հայ եկեղեցու դեմ, վտանգ կա Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման:

«Մենք երկուսուկես տարի շարունակ պայքարում ենք այս ապազգային, հակապետական, «իզմեր» չունեցող ռեժիմի դեմ և մեկ անգամ չէ, որ նշել ենք՝ շատ կարևոր է, որ ոչ միայն քաղաքական կուսակցությունները, գործիչները, այլև մարզական, մշակութային, գիտական աշխարհի ներկայացուցիչները իրենց խոսքը բարձրացնեն այս հակապետական ու հակազգային ռեժիմի գործողությունների դեմ»,-ասաց նա:

Անդրառանալով այն հանգամանքին, որ Ստամբուլյան կոնվենցիան ստորագրվել է հենց նախկին իշխանության օրոք, Շարմազանովն ասաց, թե ստորագրելը մեկ բան է, վավերացնելը՝ մեկ այլ բան:

«ՀՀ իշխանություններից որևէ մեկը՝ բացի այս իշխանությունից, չի պնդել, որ այդ կոնվենցիան պետք է վավերացվի, իսկ այս իշխանությունների պատգամավորներ, առնվազն երկու նախարար իրենց համաձայնությունն են հայտնել, որ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումն անհրաժեշտություն է: Հանրապետական կուսակցությունից որևէ մեկը չի պնդել, որ այդ կոնվենցիան պետք է վավերացվի»,-ասաց նա՝ հավելելով, թե ՀՀԿ-ն մեկ անգամ չէ, որ նշել է, որ իր պայքարը լոկ իշխանության վերադառնալու համար չէ:

«Մենք նույնիսկ իշխանության վերադառնալու հատուկ նպատակ չունենք, որ աթոռն անպայման հետ բերենք, մենք խնդիր ունենք փրկելու մեր հայրենիքն ապագա արհավիրքներից: Գլխավորը պետք է լինի համախմբումը ոչ թե անձի, այլ գաղափարի շուրջ»,-ասաց Էդուարդ Շարմազանովը:

Հիշեցնենք, որ Բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը Գարեգին Նժդեհի արձանի մոտ անժամկետ հացադուլ է հայտարարել օգոստոսի 12-ից: Այն ուղղված է ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի, Լանզարոտեի կոնվենցիայի, Ամուլսարի շահագործման և այլ խնդիրների:

tert.am

← Վերադառնալ ցուցակին