Լուրեր

Հայ-ամերիկյան ռազմական համագործակցության մասին Ջոն Բոլթոնի առաջարկն իր մեջ այդ աստիճան լրջություն չի պարունակում. Արմեն Աշոտյան

12.08.2020

Հայ-ամերիկյան համագործակցությանը, հատկապես ռազմական ոլորտում, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կարծիքով, պետք է նայել շատ հստակ՝ «ռեալ պոլիտիկի» շրջանակներում: «Ուժային տարբեր կենտրոններ Հայաստանին պատրաստ են տարբեր ոլորտներում «ծառայություններ» մատուցել՝ ֆինանսական, տնտեսական բարեփոխումների, հումանիտար եւ այլն: Սակայն, ընդամենը մեկ ուժային կենտրոնն է՝ ի դեմս ՌԴ-ի, ի վիճակի Հայաստանին աջակցել ՀՀ-ի եւ ԱՀ-ի գոյության համար ամենակարեւոր ոլորտում. դա պաշտպանության ոլորտն է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարությանը:

Երեկ միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի հետ հարցազրույցում , պատասխանելով հարցին՝ ի՞նչ նկատի ուներ ամերիկացի պաշտոնյան, երբ 2018 թվականին, Հայաստան կատարած այցի ժամանակ հայտարարեց, որ հայերը չպետք է սահմանափակվեն պատմական օրինաչափություններով, Բոլթոնն ասել է. «Կարծում եմ, շատ խնդրահարույց տարածաշրջաններում խաղաղություն եւ կայունություն հաստատելու եղանակներից մեկը առավել սերտ համագործակցությունն է ԱՄՆ-ի հետ եւ հատկապես ԱՄՆ զինված ուժերի հետ: Զենքի վաճառքի տեսանկյունից, կարծում եմ, ԱՄՆ քաղաքականությունը շատ սահմանափակված է: Կարծում եմ, մենք պետք է ստեղծարար լինենք, կարծում եմ, Հայաստանի կախվածությունը ՌԴ-ից՝ որպես ռազմական գործոն, իսկապես նվազեցնելը հնարավորություն կլինի Հայաստանի համար: Նաեւ առավելություն՝ միջազգային խաղաղության եւ անվտանգության համար: Նաեւ հասկանում եմ, որ այդտեղ կլինեն մարդիկ, որոնք չեն համաձայնի ինձ հետ: Բայց կարծում եմ, ԱՄՆ-ն կարող է օգնել եւ կարծում եմ, որ այստեղ ներգրավված բարյացկամ մարդիկ ջանասիրաբար աշխատելու դեպքում, կարող են իրավիճակը բարելավել՝ բոլորի համար»,- պատասխանում է նախկին բարձրաստիճան պաշտոնյան:

Արմեն Աշոտյանի կարծիքով, Բոլթոնը լավ է հասկանում, որ միայն ՌԴ-ն է ի վիճակի աջակցել ՀՀ-ին եւ ԱՀ-ին պաշտպանական ոլորտում: «Բոլոր տեսակի խոսակցություններում, Հայաստան-Արեւմուտք քաղաքական օրակարգերում, մշտապես բացակայել է լուրջ պաշտպանական բաղադրիչը, որովհետեւ Արեւմոտքը երբեք այդ աստիճանի լրջությամբ պատրաստ չի եղել Հայաստանին առաջարկ անելու: Պարոն Բոլթոնի առաջարկը նույնպես այդ աստիճանի լրջություն իր մեջ չէր պարունակում՝ բազմաթիվ պատճառներով: Հայ ժողովուրդը լավ ասացվածք ունի՝ «փորձված թանն անփորձ մածունի հետ չեն փոխում», եւ հատկապես այսօր՝ հետկորոնավիրուսային աշխարհում ստեղծված միջազգային կառույցներում առկա տեսանելի ճգնաժամի եւ ակնհայտ փոփոխվող զարգացման եւ ուժերի վերադասավորումների ուղղությունների դեպքում, Հայաստանը որեւէ աշխարհաքաղաքական սկզբունքային շրջադարձ իրավունք չունի անելու: Ոչ ուներ առաջ, ոչ ունի այսօր»,- ասաց Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ Արեւմտյան տարբեր շրջանակների, հիմնականում ԱՄՆ-ի գլխավորությամբ, ջանքերը՝ Հայաստանին աղոտ առաջարկություններ անել անվտանգության ոլորտում ՌԴ-ին փոխարինելու համար, ընդամենն աշխարհաքաղաքական խաղեր են:

Մեր զրուցակիցը նկատում է՝ Արեւմուտքն ինքը եւ ՆԱՏՕ-ն բազմաթիվ անվտանգային մարտահրավերներ ունեն: Նաեւ՝ որեւէ լուրջ տարածաշրջանային կոնֆլիկտում, բացի ուժի կիրառումից, ՆԱՏՕ-ն կամ ԱՄՆ-ն այլ գործիքակազմ չի կարողացել առաջարկել. հիշեցնում է Իրաքը, Սիրիան, Հարավսլավիան, Աֆղանստանը եւ այլն: Մեր զրուցակցի արձանագրմամբ՝ կոնֆլիկտների լուծման ուժային տարբերակն է դարձել ԱՄՆ-ի կամ ՆԱՏՕ-ի համար ամենակիրառելի եւ միաժամանակ ոչ արդյունավետ ձեռագիրը: Այս տեսանկյունից է, որ նա խիստ կասկածում է, որ Արեւմուտքը, կամ, մասնավորապես , ԱՄՆ-ը, երբեւէ ունակ կլինեն Հայաստանին տալու 100 տոկոս արժանահավատ եւ արդյունավետ առաջարկություն՝ անվտանգության ոլորտում:

Արմեն Աշոտյանը նաեւ հիշեցնում է, որ նույն ՆԱՏՕ-ում առկա են բազմաթիվ տարաձայնություններ, ԱՄՆ-ԵՄ հարաբերությունները հասել են երեւի թե իրենց պատմական նվազագույն մակարդակին, ՆԱՏՕ-ի հետ կապված հարցերում տեսանելի եւ խոշոր տարաձայնություններ կան ԵՄ առաջատար երկրների եւ ԱՄՆ-ի միջեւ: «ՆԱՏՕ-ն իր ներսում ունակ չէ կարգավորելու Հունաստան-Թուրքիա առկա հակամարտությունը, որը, ինչպես տեսնում ենք այս օրերին, եւ վերջին ժամանակներում, պատմական սառեցված վիճակից, եթե ոչ թեժանալու, ապա գոնե «գոլանալու» հակումներ ունի: Այսինքն, այս իրավիճակում մի կողմից հարկ է ընդլայնել հայ-ամերիկյան ռազմավարական հարաբերությունները, գործընկերությունը տարբեր ոլորտներում, բայց երբեք թույլ չտալ, որ այդ հարաբերությունները դիտարկվեն ընդդեմ ՌԴ-ի»,- ասաց մեր զրուցակիցը:

Նելլի Գրիգորյան

aravot.am

← Վերադառնալ ցուցակին