Լուրեր

Սևրի պայմագիրը ոչ թե պատմական, այլ իրավական ու քաղաքական փաստ է. Շարմազանով

11.08.2020

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ի գիտություն ՀՀ իշխանությունների նշեմ, որ Սևրի պայմագիրը ոչ թե պատմական, այլ իրավական ու քաղաքական փաստ է:

Հայաստանի ԱԳՆ-ն, պատասխանելով Թուրքիային, պաշտոնապես հայտարարում է, թե Սևրի հաշտության պայմանագիրը եղել է, կա և շարունակելու է մնալ պատմական փաստ, որը հնարավոր չէ վերախմբագրել կամ ջնջել:

Փաստորեն, Փաշինյանի իշխանության համար 1920թ. օգոստոսի 10-ին կնքված Սևրի հաշտության պայմանագիրը լոկ «պատմական փաստ է»:

Ի գիտություն իզմեր չունեցող իշխանության նշեմ, որ Սևրի դաշնագիրը զուտ պատմական կամ իրավական ուժը կորցրած փաստաթուղթ չէ։

Այն մասնակի կիրարկում ունեցող փաստաթուղթ է, որի ամբողջական կիրառումը կանխվել է տարածաշրջանում քաղաքական զարգացումների և թուրքերի կողմից Հայաստանի դեմ սանձազերծած նոր պատերազմի արդյունքում միայն։

Ավելին, Հայաստանի և Թուրքիայի Հանրապետությունների միջև գոյություն չունի միջազգայնորեն ճանաչված մեկ այլ պայմանագիր, որն իրավաչափ կերպով լուծում է երկու պետությունների միջև առկա սահմանային հարցը։

Հետևաբար Սևրի պայմանագիրը ունի ոչ թե պատմական, այլ իրավական ու քաղաքական նշանակություն»:

← Վերադառնալ ցուցակին