Լուրեր
Մարտի 16-ից հուլիսի 27-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ քաղաքացիներից կարող է գանձվել ավելի քան 2.5 միլիոն դոլար․ ՀՀԿ
06.08.2020
Ելնելով ՀՀ արտակարգ դրության իրավական ռեժիմի ընթացքում պարետատան կողմից ամրագրված սահմանափակումների բնույթից և ՀՀ քաղաքացիների վրա այդ սահմանափակումների բացասական ազդեցությունից, ՀՀԿ Հանրային ընդունարանի կողմից կատարված հարցումների արդյունքում պարզվել է՝
• ՀՀ կառավարության որոշմամբ սահմանաված արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու հատկանիշներով կազմվել է 126.321 արձանագրություն:
• Կազմված արձանագրությունների հիման վրա կայացվել է վարչական տուգանք նշանակելու 55.828 որոշում:
ՀՀԿ Հանրային ընդունարանին տրամադրված տեղեկատվության վերլուծությունից ակնհայտ է դառնում, որ 55.828 որոշմամբ նշանակված վարչական տուգանքների ընդհանուր գումարը կազմում է 558.280.000 դրամ (յուրաքանչյուրը 10.000 դրամ), որն ավելին է քան 1մլն դոլարը: Վերը ստացված թիվը մարտի 16-ից հուլիսի 27-ի դրությամբ կազմված տուգանքների ընդհանուր գումարն է:
Նույն ժամանակահատվածի համար կազմված վարչական արձանագրությունները 126.321-ն են: Այսինքն, դեռ 70.493 արձանագրությունների դեպքում կարող են կազմվել վարչական տուգանքներ: Այս դեպքում ընդհանուր գումարը կկազմի 704.930.000 դրամ կամ, որ նույն է 1.5 միլիոն դոլար:
Ըստ էության, սույն թվականի մարտի 16-ից հուլիսի 27-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ քաղաքացիներից կարող է գանձվել ավելի քան 2.5 միլիոն դոլար:
Այս արձանագրությունների հիման վրա կազմված տուգանքները ունենալով հիմնականում ֆինանսական բաղադրիչ լրացուցիչ ֆինանսական բեռ են ստեղծում ՀՀ քաղաքացիների վրա, առանց այդ էլ արտակարգ դրության հետևանքով վատթարացած տնտեսական և սոցիալական պայմաններում:
Հայաստանի Հանրապետական կուսակցություն