Լուրեր

Ովքե՞ր էին մեզ «դավաճանության» մեջ մեղադրողները 2016-ին. Հայկ Մամիջանյան

06.08.2020

Հուլիսի 12-ին և 13-ին ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի գնդակոծությունների ժամանակ եւ  այդ առիթով ծավալված հետագա քննարկումներում, որոշ լրատվամիջոցներում, բայց առավելապես սոցիալական ցանցերում, շատ քննադատություն հնչեցվեց ընդդիմադիր այն գործիչների եւ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հասցեին, ովքեր այդ օրերին իշխանությունների այս կամ այն գործողությունների առիթով անհամաձայնություն կամ հակառակ տեսակետ հնչեցրեցին: Իշխանության քննադատները ստացան «թշնամի», «դավաճան», «հայրենապիղծ», «5-րդ շարասյուն» պիտակները, անգամ ասվեց՝ «սերունդները թքելու են ձեր գերեզմանին», նաեւ՝ «Մեր երկրում ստեղծվել է վասակյան խումբ. նրանք Ալիևի «հետախույզներն» են այստեղ ու այստեղից խորհուրդ են տալիս, թե ոնց հարձակվեն, քանի օրից հարձակվեն, ու Ալիևը ընկավ այս դավաճան հայվանների խելքին ու քաշվավ» (պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյան-Ն. Գ): Իսկ 2016-ի քառօրյա պատերազմի եւ Տավուշի նկատմամբ հուլիսյան սադրանքի եւ դրանց վերջնարդյունքների համեմատություններում, իշխանական գործիչներն աչքի ընկան ինքնագովազդով: Դրանցից ամենաակնառուն Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունն էր այն մասին, որ հուլիսյան գործողությունների ամբողջ ընթացը ղեկավարվել ու համակարգվել է ՀՀ վարչապետի կողմից։ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար,  ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Մամիջանյանն այս առիթով Aravot.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ 2016-ի ապրիլյան պատերազմի եւ այս տարի Տավուշում տեղի ունեցած բախումների միջեւ զուգահեռներ տանելը անգրագիտություն է. «Այս երկու իրադարձությունների միջեւ միակ ընդհանրությունը հայ զինվորների եւ սպաների արիությունն է՝ մնացած բոլոր առումներով դրանք անհամեմատելի են՝ աշխարհաքաղաքական, ռազմական, ժամանակագրական եւ այլ դիտակետերից»։ Իշխող քաղաքական ուժի եւ դրան հարող քաղաքական միավորների կողմից, ըստ մեր զրուցակցի, կատարվում էր մեկ այլ համեմատություն. «Փորձում էին նոր կորոնավարակի համաճարակի դեմ պայքարը (կարդալ՝ պատերազմ) համեմատել քառօրյա պատերազմի հետ եւ հնչող քննադատությունը ներկայացնել որպես «հինգերորդ շարասյան» քննադատություն։ Նախ՝ ՀՀԿ-ն համավարակի տարածման առաջին օրվանից դրսեւորել է պետականակենտրոն մտածողություն՝ առաջարկելով բոլոր տեսակների աջակցություն (կամավորական ջոկատներից մինչեւ վերլուծական աշխատանքներ): Երկրորդը՝ մեզ «դավաճանության» մեջ մեղադրողները իրենք են եղել հակապետական եւ ազգային անվտանգությանը սպառնալիք հանդիսացող տեղեկույթի ստեղծողները եւ տարածողները»։

Ի հաստատումն իր պնդման, Հայկ Մամիջանյանն Aravot.am-ին փոխանցեց լուսանկարներ, որոնցում ներկայացված է իշխող վերնախավի ներկայացուցիչների գրառումները սոցիալական մեդիայում՝  2016 թվականի ապրիլին։

«Ի տարբերություն կորոնավիրուսի դեմ պատերազմի՝ մեր քաղաքական թիմի կառավարման օրոք Հայաստանը հաղթել է ապրիլյան պատերազմում»,- ասաց մեր զրուցակիցը։ Ինչ վերաբերվում է ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանը, Հայկ Մամիջանյանը ցավով է արձանագրում, որ Նիկոլ Փաշինյանի եւ նրա վարչախմբի համար ավանդույթ է դարձել այլոց՝ նախկին իշխանությունների, հասարակական կազմակերպությունների, սփյուռքի լոբբիստական կազմակերպությունների եւ շատ այլոց աշխատանքն իրենց վերագրելը. «Հաճախ ամեն ինչ այնքան աբսուրդի է հասնում, որ բնության այս կամ այն տարերքները փորձում իրենց վերագրել: Սա անընդունելի մոտեցում է: Պատերազմների հաղթանակները միշտ մեր բանակինն են՝ զինվորից մինչեւ սպաներ, եւ փորձել քաղաքական դիվիդենտներ հավաքել մեր եղբայրների սխրագործությունների վրա՝ առնվազն անընդունելի է, եթե շատ ավելի կոպիտ բառ չօգտագործեմ: Փառք հայոց բանակին, փառք տղերքին՝ զինվորից-սպա, ովքեր ամեն օր մեզ հպարտանալու առիթ են տալիս, ապահովում են մեր հանգիստ կյանքն ու գործունեությունը: Եվ մարդիկ, ովքեր բանակի հետ կապ չունեն, անվտանգության խորհրդի քարտուղարները, ովքեր անվտանգության հետ աղերս չունեն, ովքեր միջազգային հարթակներում իրենց ելույթները փոխանակ օգտագործեն ղարաբաղյան հակամարտության մասին խոսելու համար, գովաբանում են 2018-ի իրադարձությունները, վայրկյան անգամ չհամարձակվեն քաղաքական դիվիդենտներ հավաքել այս գործողությունների վրա: Արմեն Գրիգորյանը լավ կլինի մտածի՝ իսկ ի՞նչ է արել ինքն իր պաշտոնավարման ընթացքում, ի՞նչ մասնաբաժին ունի ինքն՝ այդ գործողությունների հաջող ընթացքի մեջ: Ես կարծում եմ, ինքը վերջապես պետք է գիտակցի՝ այս տարվա ընթացքում իր թանկարժեք ճամփորդությունների ժամանակ, պարգեւավճարները դրսում շաղ տալու ընթացքում, եթե ինքն իր ելույթներում մի քիչ հիշատակեր ղարաբաղյան խնդիրը, միգուց եայն մի փոքր ավելի ճանաչելի լիներ»: Իր ասածի համատեքստում, Հայկ Մամիջանյանը միանգամայն տրամաբանական է համարում, որ Արմեն Գրիգորյանն իր հանրային խոսքն օգտագործում է իրեն ԱԱԽ քարտուղարի պաշտոնին նշանակողին գովաբանելու եւ նրան դիֆերամբներ ձոնելու համար:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

aravot.am

1E2335A9-E1A1-4E4C-9DE1-A57D9A8506BB

C2A66502-42DB-485D-9845-FA32EB213B4A

852154F6-097F-4E30-A427-C6367C9A1569

4342EA96-04DA-4993-8337-8AE46CC0AD23

B9988C43-7DDE-49AD-B920-8330105AA1F8

DA5607A6-F109-4504-A640-F336CEDED2E0

C0BC4BEB-FB3C-4F61-AA45-EE4443FA1F81

ED4D4A25-F037-4DA3-A1D6-81285703148B

DE9D3E6F-01AF-4A1F-88BC-872EF0391556

DB66EEB8-E97D-4A19-BB1F-85BF8CCE0453 

← Վերադառնալ ցուցակին