Լուրեր

Այս իշխանությունները ոչ մի դաս չեն քաղում իրենց ավերիչ գործելաոճից. Արմեն Աշոտյան

06.08.2020

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Երկրի շարունակական ջլատման աշխատանքների պարտադիր բաղադրիչը քաղաքական մրցակիցների նկատմամբ քրեական գործեր թխելու հոսքագիծն է, որն աշխատում է ոչ թե արդարության, այլ Նիկոլի քիմքին հաճելի և իր նեղ անձնական շահերից բխող օպերացիոն համակարգով:

Այսօր հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանի նկատմամբ գործեր սարքելու մոլուցքի շրջանակներում կալանավորել են Ռոբերտ Նազարյանին, ով հրաժարվել է Նիկոլի քյանդրբազների կողմից հորինված և պարտադրվող կեղծ ցուցմունք տալ երրորդ նախագահի դեմ:

Նման գործերի բաղադրատոմսը շատ պարզունակ է:

Ընտրվում է հերթական թիրախը, հարուցված որևէ գործի շրջանակներում մարդկանց վրա ճնշում է գործադրվում “ցուցմունք ազատության դիմաց” բանաձևով իրենց սուտ մեղադրանքը սարքելու համար: Եվ շոուն պատրաստ է:

Այս բանաձևը աշխատում է, երբ դիմացինը թույլ և բարոյականության հետ խնդիրներ ունեցող մարդ է: Սակայն Ռոբերտ Նազարյանն ապացուցում է, որ Հայաստանում կան, եղել են և կլինեն անկոտրում, բարոյական և պինդ տղերք, ում ապրած կյանքը և սկզբունքերը նիկոլական թայֆեն փուռը տալ չի կարող:

← Վերադառնալ ցուցակին