Լուրեր
Պետությունը ժողովրդի ինքնապահպանման բնազդի արտահայտության բարձրագույն ձևն է. Արտակ Զաքարյան
05.08.2020
ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ժողովուրդը պետություն է ստեղծել իր ազգային գաղափարախոսությունը իրականացնելու համար: Յուրաքանչյուր ժողովուրդ կյանքի է կոչում պետականության և հասարակարգի այն ձևը, որն ավելի լավ է արտահայտում և իրականացնում իր ազգային գաղափարախոսությունը:
Պետական գաղափարախոսությունը ելնում է ազգի գերագույն շահերից, որոնք ամբողջությամբ ամփոփված են ազգային գաղափարախոսության մեջ։ Պետությունը կյանքի է կոչվում ազգային գաղափարախոսության հիմնադրույթներն իրականացնելու համար: Առանց անկախ ազգային պետության ոչ մի ժողովուրդ չի կարող երկար ժամանակ գոյապահպանվել:
Պետությունը ժողովրդի ինքնապահպանման բնազդի արտահայտության բարձրագույն ձևն է: Ազգային պետությունը ղեկավարվում է ազգային գաղափարախոսության հիմնադրույթներով»: