Լուրեր

«Այս քայլող պարոններն ու տիկնայք մի օր էլ կարող է Արարատը վերանվանեն Ագրիդախ, հետո՝ Երեւանը Էրիվա՞ն». Էդուարդ Շարմազանով

03.08.2020

 «2018-ի հուլիսին խորհրդարանում, երբ նոր կառավարությունն իր ծրագիրն էր ներկայացնում, ես հայտարարել էի, որ հայագիտականի եւ ազգայինի մասին ոչ մի բառ այնտեղ չկա»,- այս մասին այսօր «Հայելի» մամուլի ակումբում կայացած ասուլիսում հայտարարեց ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ այս երկու տարիների ընթացքում ազգայինի ու ավանդականի դեմ արշավը ավելի մեծ չափերի է հասել: Շարմազանովը չի զարմանում. Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «իզմեր» չունեն, ինքն էլ ենթադրում է՝ «նացիոնալիզմ», «պատրիոտիզմ իրենք չունեն»: Հավելում է՝ «քայլողների բանակի շարքերում» կան շատ ոչ ավանդական արժեքների կրողներ, եկեղեցուն դեմ հանդես եկողներ, այս ընթացքում հարձակումներ եղան Վեհարանի, Վեհափառի վրա, իսկ գագաթնակետը նախկին իշխանավորը համարում է այն ժամանակ ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցը Հայաստան, որը Հայաստանում հայտարարեց, թե պետք է հրաժարվել «ազգային կաղապարներից», իսկ Հայաստանի «աննախադեպ իշխանությունն» առարկություններ չարեց:

Իսկ այն, ինչը արեւմտյան գործիչը եւ որոշ ինստիտուտներ «ազգային կաղապարներ» են որակում, ըստ Էդուարդ Շարմազանովի, դրանք մեզ համար ազգային արժեքներ են՝ «Արցախի հարցում ազգայնությունը, Ցեղասպանության ճանաչումը, ազգային ինստիտուտները՝ դպրոց, եկեղեցի, բանակ, ընտանիք եւ այլն»: Էդուարդ Շարմազանովը նաեւ նկատում է՝ կրթական չափորոշիչների դեմ այսօր հանդես եկողները 2018-ին լուռ էին, ավելին, «ձեռք-ձեռքի տված գնացին եւ քվեարկեցին հայագիտության եւ հայապահպանության դեմ»: Ապա հրապարակվեց Ազգային անվտանգության նոր ռազմավարության հայեցակարգը, որը 2007-ի ռազմավարության հետ համեմատելով՝ բանախոսը երկու շատ կարեւոր տարբերություն է առանձնացնում. նախ՝ 2007-ի ռազմավարության մեջ «Արցախի հանրապետություն» է նշված, իսկ գործող ռազմավարության մեջ «հանրապետությունը» բացակայում է: Երկրորդ՝ 2007-ի ռազմավարության նպատակների մեջ հստակ ամրագրում կա հայապահպանության մասով, ներկայացվող հայեցակարգում այդ նպատակը չկա: Այս ամենը, ըստ Էդուարդ Շարմազանովի, չէր կարող արտացոլում չունենալ կրթական չափորոշիչներում:

 
Մասնագիտությամբ պատմաբան քաղաքական գործիչը մի քանի դիտարկում ներկայացրեց պատմության դասագրքերի եւ չափորոշիչների վերաբերյալ՝ հատուկ ընդգծելով, որ այդ չափորոշիչներում ներառված չէ ոչ պատմության ինստիտուտի, ոչ ԵՊՀ պատմության ֆակուլտետի, ոչ էլ մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետի կարծիքը. «Հայ ժողովրդի հայրենիքը հայկական լեռնաշխարհն է, որը չափորոշիչներով փոխարինվել է Արեւելյան Անատոլիայի: Այսինքն, եթե այսպես շարունակվի, այս քայլող պարոններն ու տիկնայք մի օր էլ կարող է Արարատը վերանվանեն Ադրիդախ, ոնց որ թուրքերն են անվանում, հետո՝ Երեւանը Էրիվա՞ն»: Նաեւ նկատում է, որ չափորոշիչներում Պավլիկյան եւ Թոնդրակյան շարժումները նշված չեն իբրեւ աղանդավորական շարժումներ, դրանք անվանվել են՝ «ոչ պաշտոնական ուսմունք»:
Մանրամասնում է՝ հայ ժողովուրդը բազմաստվածությունից անցել է միաստվածության, իսկ Պավլիկյանների մոտ կա չար Աստծո պաշտամունք ու բարի Աստծո պաշտամունք. ի՞նչ է սա, եթե ոչ աղանդ: Հաջորդ վիճահարույց հարցը նա համարում է Բագրատունյաց շրջանի մասին «բացթողումը», այդ հատվածից միայն Անիի թագավորության մասին է նշված չափորոշիչներում: Հայաստանի նոր շրջանի պատմության հատվածում՝ 1914 թվականների կամավորական շարժումների մասին ոչինչ ներառված չէ. «Այսինքն, ոչ Անդրանիկ է եղել, ոչ Դրո, ոչ Նժդեհ, ոչ Քեռի, ոչ Վարդան, ոչ Հայկ Բժշկյանց…եղել են իրենք ու մինչեւ հիմա իրենց Նիկոլայը…»: Էդուարդ Շարմազանովը այս ամենը պատահականություն չի համարում եւ չի հասկանում այն արդարացումները, թե քննարկման է ներկայացված չափորոշիչների սեւագիր տարբերակը. զարմանում է՝ «իսկ ինչո՞ւ որեւէ մեկի մտքով պետք է նման բաներ անցներ»:
Իր համար նաեւ անընդունելի է, երբ շատ մասնագետներ զգուշորեն են խոսում չափորոշիչների մասին՝ սլաքներն ուղղելով միայն ԿԳՄՍ նախարարի դեմ, վարչապետին շրջանցելով. «Ոչ, պարոնայք: Սա պետական քաղաքականություն է, որը նաեւ թելադրվում է դրսից: Պատմաբանների կողմից հրապարակվեց փաստաթուղթ, որտեղ հստակ երեւում է, որ այդ չափորոշիչների հեղինակը 2017-19 թվականներին թուրքերի հետ Թուրքիայում եւ Հայաստանում պատմության դասագրքերի դասավանդման մեթոդիկա են մշակել: Ավելին, ըստ հավաստի լուրերի, թուրք-հայկական համատեղ դասագրքերի, որտեղ չկա հայագիտություն, հայրենասիրություն, Պավլիկյաններն էլ աղանդավոր չեն, ստեղծումից անմասն չեն նաեւ Իմ քայլի որոշ պատգամավորներ եւ նրանցից մեկն արդեն հայտարարել է»:
«Իրենց քաղաքական հայրը կարծում էր, որ ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է, հիմա իրենք եկել եւ իրականացնում են»,- ասաց Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ մտավորականները, հանրային այլ շերտեր պետք է ավելի հստակ դիրքորոշում արտահայտեն:
 
Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
 
aravot.am
 
 
 
 

← Վերադառնալ ցուցակին