Լուրեր

«Այս իշխանության մեկ օր ավելի գոյատևումը հարված է մեր ազգային արժեքներին». Էդուարդ Շարմազանովը՝ կրթության նոր չափորոշիչների մասին

03.08.2020

 ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ հայագիտության դեմ արշավը նոր չէ, որ սկսվել է, գուցե այն այսօր ավելի տեսանելի է դարձել, սակայն այդ արշավը երկու տարի շարունակ տեղի է ունենում:

 
«Այս մասին ՀՀԿ-ն և անձամբ ես բարձրաձայնել եմ 2018 թվականին խորհրդարանում, երբ Կառավարությունն իր ծրագիրն էր բերել: Ես այդ ժամանակ հստակ նշել եմ, որ ծրագրում հայագիտության դեմ որևէ բառ չկա: Ակնհայտ է, որ ազգայինի և ավանդականի դեմ արշավը երկու տարում ավելի մեծ չափերի է հասել, մարդիկ հստակ հայտարարել են, որ իրենք իզմեր չունեն: Մենք տեսանք, որ «քայլողների» բանակի շարքերում կան ոչ ավանդական արժեքների կրողներ, Առաքելական եկեղեցու ընդդիմախոսներ, և այդ նույն ժամանակահատվածում տեղի ունեցավ հարձակում Վեհափառի և Վեհարանի վրա»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով կրթության մասին նոր չափորոշիչներին և դրանց շուրջ ստեղծված աղմուկին:
 
Ըստ նրա՝ այս ամենի գագաթնակետը եղավ այն, երբ ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնն այցելեց Հայաստան և հայտարարեց, որ պետք է հրաժարվել ազգային կաղապարներից: Ինչին ի պատասխան՝ օրվա իշխանությունները որևէ առարկություն չարեցին:
 
 
«Հայագիտության դեմ արշավն ավելի տեսանելի դարձավ, երբ հրապարակվեց ազգային անվտանգության ռազմավարությունը: Եթե այն համեմատենք 2007 թվականի ազգային անվտանգության հետ, ապա երկու շատ կարևոր տարբերություն կտեսնենք: Նախ, 2007 ռազմավարության մեջ նշված է Արցախի Հանրապետություն, իսկ այս ռազմավարության մեջ բացակայում է Հանրապետությունը: 2007 թվականի Ռոբերտ Քոչարյանի ռազմավարության մեջ, որպես նպատակ, հստակ նշված է հայապահպանությունը, իսկ այս ռազմավարության մեջ այդ մասին որևէ բան չկա: Բնականաբար, այս ամենն իր արտացոլումը պետք է գտներ կրթության վերաբերյալ չափորոշիչների մեջ»,- հավելեց Էդուարդ Շարմազանովը:
 
Նա նաև շեշտեց, որ կրթության մասին նոր չափորոշիչների մեջ հայկական լեռնաշխարհը փոխարինվել է Արևելյան Անատոլիա անվանմամբ. «Եթե այսպես գնա, կարող է այս «քայլող» տիկնայք և պարոններն Արարատը վերանվանեն Ագրիդախ, ինչպես թուրքերն են ասում, Երևանն էլ՝ Էրիվան, և այդպես շարունակ»,- ընդգծեց ՀՀԿ գործադիր անդամը՝ շեշտելով, որ, բացի դրանից, նոր չափորոշիչներով «Պավլիկյան» և «Թոնդրակյան» շարժումները նշված չեն՝ որպես աղանդավորական շարժումներ, այլ նշված են՝ որպես պաշտոնական ուսմունքներ: Իսկ Բագրատունյաց թագավորության վերաբերյալ հիշտակվում է միայն Անի Բագրատունյաց ժամանակաշրջանի մասին: Չի հիշատակվում նաև Նժդեհի, Դրոյի, Անդրանիկի և այլոց մասին:
 
«Այս ամենից հետո էլ դեռ ասում են, ոչ բերված չափորոշիչները դեռևս վերջնական չեն, ինչո՞ւ պետք է նման չափորոշիչ նույնիսկ մեկի մտքով անցներ: Ինձ համար անընդունելի է, երբ շատ մասնագետներ շատ զգուշորեն են խոսում, որ հանկարծ պարոն վարչապետին չկպնեն՝սլաքներն ուղղելով միայն ԿԳՄՍ նախարարի դեմ: Ոչ, պարոնայք, սա պետական քաղաքականություն է, որը թելադրվում է նաև դրսից: Ժամանակն է՝ պետք է համախմբվել և հասկանալ, որ այս իշխանության մեկ օր ավելի գոյատևումը հարված է մեր ազգային արժեքներին»,- եզրափակեց Է.Շարմազանովը:
 
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
 
Զվարթ Խաչատրյան
 
168.am
 

← Վերադառնալ ցուցակին