Լուրեր

2-րդ նախագահի հետ համաձայն եմ, հնարավոր է, սակայն դրա հետ կան մի քանի նախապայմաններ. Արմեն Աշոտյան

30.07.2020

2-րդ նախագահը՝ Ռոբերտ Քոչարյանը, 3 հեռուստաընկերություններին տված իր հարցազրույցի ընթացքում, խոսելով բանակցային գործընթացի մասին, ասաց, որ Արցախի հարցի վերաբերյալ  բանակցություններում տրամաբանության թելը կտրվել է։ Ըստ Քոչարյանի՝  մեր դիրքորոշումը մշտապես եղել է ազգերի ինքնորոշման իրավունքի դիրքերից, և հայտնի չէ, թե այսօրվա իշխանությունը արցախյան հարցի կարգավորումը ի՞նչ սկզբունքների վրա է տեսնում։ Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ որևէ լուծում պետք է ընդունելի լինի և՛ Արցախի, և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի ժողովուրդների համար։ ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանին հարցրինք, թե արդյոք հակասություն կա՞ այս մոտեցումների միջև, և արդյոք Փաշինյանի արտաքին քաղաքականությունը չի՞ բխում Արցախի անկախության հռչակագրից՝ նկատի ունենալով Քոչարյանի այն պնդումը, որ բանակցային գործընթացի վերաբերյալ ցանկացած մոտեցում պետք է բխի Արցախի անկախության հռչակագրից․

 
 
«Իշխանազավթումից հետո Նիկոլ Փաշինյանը աչքի է ընկել արցախյան հակամարտության վերաբերյալ բազմաթիվ վիճելի և խիստ իրարամերժ հայտարարություններով, որոնք ոչ միայն չեն ամրացրել հայկական բանակցային դիրքերը, այլև ճիշտ հակառակը՝ բերել են մի շարք բանակցային կարևոր կորուստների՝ մասնավորապես Վիենայի և Սանկտ Պետերբուրգի օրակարգերի դուրս մղումը բանակցային սեղանից։ Ինչ վերաբերում է ինքնորոշման իրավունքին, ապա, հիշու՞մ եք մեր կարգախոսը, որը Սերժ Սարգսյանը քանիցս բարձրաձայնել է, որ Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում, մի հայտարարություն, որը այդպես էլ Նիկոլ Փաշինյանից  չենք լսել։ Փոխարենը ինքն ու իր արտգործնախարարը առաջարկում էին մի լղոզված բանաձև՝ «կարգավիճակ և անվտանգություն» ձևակերպմամբ, որի մեջ ինքնորոշման իրավունքը բարցարձակապես չէր երևում։ Ինչ վերաբերում է Արցախի անկախության հռչակագրին, ապա ակնհայտ է, որ իշխանազավթումից հետո Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը հետևողականորեն իջեցնում էին Արցախի սուբյեկտայնությունը որպես հայկական 2-րդ պետություն, դրա մասին կան բազմաթիվ վկայություններ, իսկ ամենավերջին աղաղակող դեպքը, իհարկե, ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության մեջ «Արցախի Հանրապետություն» եզրույթի չեղարկումն է և չօգտագործումը»,- պատասխանեց Աշոտյանը։
 
Քոչարյանը նաև ասաց, որ բանակցային գործընթացը բնականոն հուն հետ բերել հնարավոր է, Աշոտյանը համաձայն է Քոչարյանի հետ՝ նշելով, որ դրա համար մի քանի նախապայմաններ են պետք․ 
 
«Նախապայման առաջին՝ որպեսզի Հայաստանի կողմից բանակցողները վերջնական դասեր սերտեն՝ ընդունելով բանակցային գործընթացի հետ կապված իրենց սխալները , և հասկանալով, որ այս գործընթացում սեփական կետից սկսելը ճակատագրական սխալ կարող է դառնալ, և բանակցությունները պետք է իրականում վերադարձնել, ինչպես Քոչարյանն ասաց, բնականոն հուն։ Այսինքն՝ առաջին խնդիրը, որը պետք է լուծել, այն է, որ Հայաստանի իշխանությունները անդարձելի ընդունեն իրենց սխալները և հասկանան, որ նախկինում իրենց կողմից որդեգրված բանակցային ողջ մարտավարությունը սխալ է եղել։ Երկրորդ շատ կարևոր պայմանը՝ պետք է, իհարկե, աշխատել Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ՝ ինչպես կոլեկտիվ, այնպես էլ երկկողմ հարաբերությունների շրջանակներում՝ համապատասխան մեր օրակարգը առաջ մղելու համար»։
 
Քոչարյանը մեծ դժբախտություն չի համարում, որ Ադրբեջանը որոշի դադարեցնել բանակցությունները, քանի որ կարճ ժամանակ հետո դրանք կրկին կվերսկվեն։ Աշոտյանին հարցրինք՝  եթե Ադրբեջանը հայտարարի բանակցությունները դադարեցնելու մասին և դադարեցնի, հետագայում հնարավոր կլինի՞ կրկին վերսկսել դրանք․
 
«Այստեղ նույնպես համաձայն եմ 2-րդ նախագահի գնահատականի հետ։ Ադրբեջանը բազմիցս է փորձել այս ընթացքում բանակցային գործընթացը դադարեցնելու սպառնալիքներով հանդես գալ։ Երբեք չի կարելի տեղի տալ Ադրբեջանի բանակցային շանտաժին, իհարկե, Հայաստանի հիմնավորված դիրքորոշումը պետք է նաև Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ և միջոցով նպաստի բանակցային գործընթացի շարունակականությանը, բայց բանակցային գործընթացը չի կարող լինել ինքնանպատակ, եթե մեր հակառակորդ կողմը հանդես է գալիս ոչ միայն ռազմական սպառնալիքներով, այլև բանակցային գործընթացը խզելու սպառնալիքով։ Ադրբեջանի բանակցային շանտաժին տեղի տալ չի կարելի, բայց դրա համար բացի սեփական հստակ դիրքորոշումից պետք է նաև կարողանալ աշխատել Մինսկի խմբի համանախագահների հետ։ Միջազգային հանրության, այս դեպքում Մինսկի խմբի համանախագահների խնդիրն է՝ ադրբեջանական կողմին պարտադրել բանակցություններ և պարտադրել խաղաղություն։ Միաժամանակ, իհարկե, պետք է շեշտել, որ բանակցային գործընթացի հնարավոր սառեցումը կամ վիժեցումը հղի է նոր ռազմական գործողություններով, ինչին Հայաստանն ու Արցախը պետք է միասին պատրաստ լինեն, ինչի համար շատ կարևոր է, որ 2 հայկական պետությունների հանրային և հասարակական-քաղաքական մթնոլորտը առողջ լինի, այլ ոչ թե ենթարկվի Նիկոլ Փաշինյանի կողմից սանձազերծված ներքին թշնամիների և վհուկների որսի տրամաբանությանը»,- պատասխանեց ՀՀԿ փոխնախագահը։
 
Կորյուն Սիմոնյան

hraparak.am

← Վերադառնալ ցուցակին