Լուրեր

Մանիպուլյացիա՞, թե՞ ինքնախաբեություն. Շարմազանով

29.07.2020

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուրադ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մանիպուլյացիա՞, թե՞ ինքնախաբեություն

 
Մոլորություն և ինքնախաբեություն է կարծել, թե դաշնակցում են միայն ժողովուրդները, բայց ոչ երբեք՝  քաղաքական էլիտաները: 
 
Ժողովուրդների դաշնակցությունն  ամրապնդվում է, երբ դաշնակցում են էլիտաները և թուլանում դրանց բացակայության պայմաններում: 
 
Հետևաբար Փաշինյանը կամ մոլորության մեջ է, կամ փորձում է մանիպուլացնել, երբ նշում է, թե «Ռուսաստանը պետք է միայն դաշնակցի հայ ժողովրդի ու ոչ թե Պետրոսյանի, Սարգսյանի,Քոչարյանի կամ նույն Փաշինյանի հետ»: 
 
Համաշխարհային պատմությունը հարուստ է օրինակներով, երբ իշխող ռեժիմների փոփոխությունը  հանգեցնում է միջպետական դաշինքների փլուզման: 
 
Օրինակնե՞ր `խնդրեմ. մինչև 1917-ի Ռուսական հեղափոխությունը Անտանտի երկրները Ռուսաստանի նվիրյալ դաշնակիցներն էին, սակայն բոլշևիկյան հեղաշրջումից հետո դարձան Ռուսաստանի ախոյանները: 
 
 Մինչեւ Կուբայի հեղափոխությունը ԱՄՆ -ն Կուբայի գլխավոր դաշնակիցն էր, սակայն Կաստրոյի իշխանության գալուց հետո իրավիճակը կտրուկ փոխվեց: 
 
Եթե Ալյենդեի նախագահության տարիներին1970-1973թթ խորհրդա-չիլիական հարաբերությունները մոտ էին դաշնակցային կոչվելուն, ապա Պինոչետի հեղաշրջումից հետո դրանք կտրուկ վատթարացան:
 
Մեկ օրինակ ևս. մինչև 1979 ի Իսլամական հեղափոխությունն ԱՄՆ -ը համարվում էր Իրանի հիմնական դաշնակիցը, իսկ Մոհամմեդ Ռեզա Փեհլևի շահի ղեկավարության շրջանում Իրանը բարիդրացիական հարաբերություններ ուներ Իսրայելի հետ:
 
Մինչդեռ հարաբերությունները սրվեցին Իրանում հեղափոխության հաղթանակից հետո. թե Միացյալ Նահանգները, թե Իսրայելը դարձան Իրանի գլխավոր հակառակորդները: 
 
Եւ ուրեմն հարկ է նշել, որ պետությունների միջև դաշնակցությունը մեծապես կախված է նրանց ղեկավարների քաղաքականությունից, ինչը չի գիտակցում, կամ չի ցանկանում գիտակցել Նիկոլ Փաշինյանը: 
 
Դժվար է ակնկալել դաշինքի ամրապնդում, երբ դու ուղիղ հարվածում ես ՀԱՊԿ հեղինակությանը կամ գազի վաճառքի գնագոյացման խնդիրները քննարկում ես ոչ թե Պուտինի ,այլ Լուկաշենկոյի հետ: 
 
Գրեթե անհնար է զարգացնել միջպետական դաշնակցային կապերը, երբ վարչապետը Տավուշի ռազմական միջադեպից նույնիսկ 2 շաբաթ անց անկարող է ուղիղ կապ հաստատել Ռուսաստանի նախագահի հետ: 
 

Ուստի միջպետական հայ-ռուսական դաշնակցության թուլացման պատասխանատուն ոչ թե հայ ժողովուրդն է, այլ Փաշինյանն ու իր ապաշնորհ ռեժիմը: Թեեւ պրն. աննախադեպն իր ոճով ձախողման պատճառը փնտրում է ոչ թե իր, այլ մյուս կողմի, ժողովրդի մեջ:»

← Վերադառնալ ցուցակին