Լուրեր
«Իմ երազանքը». Էդուարդ Շարմազանով
11.07.2020
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Իմ երազանքը
1995 թվականն էր: Ուսանողական գիտական ընկերության անդամներով կազմակերպել էինք գիտաժողով «Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտումը» թեմայով:
Ելույթների պակաս չկար: Բոլոր զեկույցները արժեքավոր փաստարկված գործեր էին:
Վերջինն ամբիոնին մոտեցա ես` 3-րդ կուրսի ուսանողս: Զեկույցիս վրա ամիսներով աշխատել էի :
Ներկաները բնականաբար սպասում էին լսել հերթական ուսանողի ելույթը, իսկ ես ուզում էի հնարավորինս արագ ավարտել այն:
Սակայն անսպասելիորեն թե իմ, թե բոլորի համար մի կողմ դրեցի ելույթս ու ասացի.
«Հարգելի ներկաներ, իմ հայրս հույն է, մայրս` հայուհի: Ես ունեմ մեծ երազանք` Կոստանդնուպոլիսը տեսնել հունական, իսկ Անին`հայկական»:
Այդ օրից 25 տարի է անցել: Այսօր ես երազում եմ հունական պատարագ լսել Կոստանդնուպոլսի Սբ.Սոֆիայի տաճարում, որի գմբեթը վերականգնել է մեծանուն հայազգի Տրդատ ճարտարապետը եւ հայկական շարականներ ունկնդրել նույն Տրդատի կառուցած Անիի Մայր տաճարում:
Հ.Գ. Չնայած Թուրքիայի իշխանությունները ջանք չեն խնայում` վերացնելու հայկական եւ հունական հոգեւոր-մշակութային ժառանգության հետքերը, բայց ես չեմ դադարում հուսալ, եթե կուզեք` երազել` Կ.Պոլիսը տեսնել հունական, Անին` հայկական:
#Հայկըհաղթելուէոսոխբելին»: