Լուրեր
«Ցավալի է, երբ տղամարդուն ոչ վայել պահվածքը նորմա է դարձել մի մարդու համար, որն այդպես էլ սեփական երեխաներ չունենալով, թիրախավորում է այլոց»․ Աշոտյան
10.07.2020
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հաղորդման ընթացքում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, փորձելով արդարացնել Եկեղեցու պատմության առարկայի վերացումը և չունենալով իմ հնչեցրած քննադատության նկատմամբ առարկայական հակափաստարկներ, կրկին անդրադարձավ իմ երեխաներին, որոնք սովորում են ոչ պետական դպրոցում:
Ի դեպ, նմանատիպ հնարք մի քանի օր առաջ ևս հնչեց այդ տաղավարում Պետրոս Ղազարյանի շուրթերից: Եթե չգիտեք, իմացեք, որ Պետրոս Ղազարյանի կինը, հանդիսանալով ոլորտի փոխնախարար, անձամբ է պատասխանատու ամեն գնով նոր ապազգային հանրակրթական չափորոշիչի անցկացման համար:
Այս հանգամանքը հաշվի առնելով, որքանով տվյալ լրագորղը կարող է լինել այս հարցում անաչառ, թողնում եմ ձեր դատողությանը:
Վերադառնալով նախարարին, շեշտեմ, որ ցավալի է, երբ տղամարդուն ոչ վայել պահվածքը նորմա է դարձել մի մարդու համար, որն այդպես էլ սեփական երեխաներ չունենալով, թիրախավորում է այլոց:
Իմ երեխաները սովորում են ԱՅԲ դպրոցում, այն դպրոցում, որի կրթական բովադակությունը բացի, ժամանակակից լինելուց, նաև մաքսիմալ ազգային է:
Զարմանալի չէ, որ գործող նախարարը չի տիրապետում իր ոլորտի նրբություններին և չգիտի, որ ԱՅԲ-ում կրթության ընթացքում աշակերտները առավելագույն գիտելիքներ են ստանում Հայ Առաքելական եկեղեցու մասին: ԱՅԲ-ի չարաբաստիկ աուդիտի պատմություններից հետո այլևս կարելի էր չզարմանալ նախարարի մանիպուլյացիաներից և անտեղյակությունից:
Պարոնայք և տիկնայք, ձեր կեղտոտ լեզուները հեռու պահեք մարդկանց ընտանքիներից և երեխաներից, հակառակ դեպքում բումերանգը դաժանորեն կզարկի ձեր ճակատներին:
Ես շարունակելու եմ իմ բովանդակային ու հիմնավորված պայքարը կրթության համակարգի ապազգայնացման դեմ»: