Լուրեր

Հայաստանը եւ Արեւելյան Գործընկերությունը (EaP). Համագործակցություն եւ հեռանկարներ

06.07.2020

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը նոր կորոնավիրուսային համավարակի պայմաններում շարունակելով համագործակցությունը իր միջազգային գործընկերների հետ՝ կազմակերպել էր առցանց կրթական ծրագրեր, որոնց իրենց մասնակցությունն են ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության անդամները:
 
Դասընթացների նպատակն է եղել՝ երիտասարդ քաղաքական գործիչների մրցունակության բարձրացումը եւ նրանց ոչ ֆորմալ, քաղաքական կրթություն տրամադրումը: Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի ու Ռոբերտ Շուման ինստիտուտի հետ համատեղ կազմակերպված վեբինարների չորրորդ եզրափակիչ հանդիպման գլխավոր թեման է եղել Հայաստանը եւ Արեւելյան Գործընկերությունը:
 
Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի բանախոսությունը նվիրված է եղել աշխարհաքաղաքականությանը եւ վերջինիս մեջ Հայաստանի դերակատարությանը: ՀՀԿ փոխնախագահը անդրադարձել է նաեւ Հայաստանի ներքաղաքական իրավիճակին եւ Հայաստանում ընթացող հակաժողովրդավարական ու հակաիրավական գործընթացներին:
 
Ծրագրի ընթացքում բանախոսությամբ է հանդես եկել նաեւ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, ԵվրաՆեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Անդրիուս Կուբիլիուսը, ով մասնակիցներին ներկայացրել է ԵՄ-ի (EU) հարաբերությունները Հայաստանի հետ Արեւելյան Գործընկերության համատեքստում: Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստան-ԵՄ եւ ԵՄ-Վրաստան հարաբերությունների միջեւ եղած տարբերություններին:
Վրաստանի Արտաքին գործերի նախարարության Եվրոպական ինտեգրացիայի հարցերով խորհրդատու, դեսպան Լիլլա Մաքքեյը մասնակիցներին ներկայացրել է ԵՄ-ի հետ համագործակցության առավելությունները եւ Արեւելյան Գործընկերության հետ տասնմեկ տարվա համագործակցության արդյունքում ունեցած հաջողությունները:
 
Հայաստանի քաղաքական գիտությունների ասոցիացիայի գործադիր տնօրեն, ավագ գիտաշխատող Բենյամին Պողոսյանը խոսել է Արեւելյան Գործընկերության ընձեռած հնարավորությունների եւ Հայաստանի համար վիզայի ազատականացման ռեժիմի հեռանկարների մասին:
Հայաստանի Հանրապետական կուսակցության միջազգային գործընկերների, դասընթացներին հրավիրված բանախոսների եւ մասնակիցների խոսքով կազմակերպված վեբինարները շատ արդյունավետ եւ հաջողված էին:
 
Առցանց ռեժիմով իրականացվող դասընթացները միջազգային վերը նշված եւ այլ գործընկերների հետ լինելու են շարունակական:
 
ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

← Վերադառնալ ցուցակին