Լուրեր

Սա երկարատև պայքար է․ Էդուարդ Շարմազանովը՝ ՀՀԿ-ի գործողությունների մասին

26.06.2020

«Մենք երկու տարի շարունակ ապրում ենք նույն ժամանակաշրջանում, որը ժողովրդավարության հետ որևէ աղերս չունի․ նիկոլիզմի ժամանակաշրջանում»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Հայաստանի Հանրապետական» կուսակցության Գերագույն մարմնի անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
 
ՀՀԿ գործիչն անդրադարձավ երեկ Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին (հայտարարել էր, որ հաջորդ խորհրդարանում տեղ չեն ունենա այն ուժերը, որոնք չեն եղել 2018 թվականի թավշյա հեղափոխության ջատագովները)՝ նշելով, որ այդպիսի հայտարարությունները բնորոշ են Ներոնին, Կալիգուլային, Գեբելսին, Հիտլերին, Ֆրանկոյին, Պինոչետին՝ բռնապետերին։
 
Շարմազանովի պնդմամբ՝ Փաշինյանը Հայաստանի ժողովրդի մեծ մասի վստահությունը չունի։ «Եթե նա ունենար ժողովրդի վստահությունը, նա աներկբա կգնար հանրաքվեի, ամեն ձև կգնար հանրաքվե անցկացնելուն։ Բայց ինքը հասկացավ, որ չունի ժողովրդի մեծամասնության աջակցությունը, և «հանրաքվե կամպանիան» վերածվեց Ազգային ժողովի էն 88-89 պատգամավորին «Քրեական օրենսգրքով ուշ թե շուտ դատվելու գործընթացին»։ Որովհետև այն, ինչ նրանք արեցին, սահմանադրական կարգի յուրացում էր»,- ընդգծեց նա՝ անդրադառնալով Ազգային ժողովի իշխող ուժի կողմից ընդունված «Սահմանադրության փոփոխություններ»-ի նախագծին, ըստ որի՝ դադարեցվում են ՍԴ երեք դատավորի լիազորությունները, իսկ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը դադարում է նախագահը լինել, սակայն շարունակում է պաշտոնավարել որպես ՍԴ դատավոր։
 
Անդրադառնալով Հայաստանի Հանրապետական կուսակցության գործողություններին ստեղծված իրավիճակում՝ ՀՀԿ գործիչը նշեց, որ կուսակցութունն օգտագործել և օգտագործելու է թե՛ իր միջազգային կապերը, թե՛ ներքաղաքական կապերը, թե՛ ազդեցությունը հանրության «աչքերը բացելու համար»։
 
«Սա երկարատև պայքար է։ Մենք իլյուզիաներ չունենք, որ սա վաղն ավարտվելու է կամ վաղը չէ մյուս օրը, եթե Նիկոլը գնա, ուրիշը գա, ամեն ինչ լավ է լինելու։ Ես մեկ անգամ ասել եմ․ Նիկոլ Փաշինյանից հետո եկող կառավարությունը և իշխանությունը պետք է լինեն ռոմանտիկներ, հայրենասերներ, քաղաքական ռոմանտիկներ, որովհետև ավերակների վրա գալ կառավարելը, գիտե՞ք՝ ինչ է։ Ինքն ավերել է ամեն ինչ»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը։
 
a1plus.am

← Վերադառնալ ցուցակին